211652_close_icon
views-count1830 դիտում article-date 13:40 27-05-2015

ՀՀ վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև նիստն սկսելը վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարից հետաքրքրվել է, թե վերջերս գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություն է արվել: Նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը ստուգվել է 6 ամիս առաջ, տուգանվել 1 մլն դրամով, քանի որ եղել էին բազմաթիվ թերություններ, որոնք պետք է վերացվեին, սակայն չեն արվել: Երեկ հանձնարարվել է առավել ակտիվացնել գազալցակայանների հետ տարվող աշխատանքը: Թերություն հայտնաբերվելու դեպքում կզեկուցվի վարչապետին, եթե կարիք լինի՝ թերացող գազալցակայանների շահագործումը կդադարեցվի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց: ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները վարչապետից հանձնարարություն են ստացել ուսումնասիրել, թե հակակարկտային քանի կայան է անհրաժեշտ գյուղատնտեսական տարածքները ամբողջությամբ պաշտպանելու համար: Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է նաեւ կառավարության հաջորդ նիստում տեղեկանք ներկայացնել կարկտահարության հետևանքների մասին:

Նմանատիպ նյութեր