211652_close_icon
views-count528 դիտում article-date 19:59 01-06-2015

ՀՀ նախաձեռնությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը ժնևյան սեմինարի ուշադրության կենտրոնում

Մայիսի 29-ին Ժնևում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ժնևում գործող ֆրանկոֆոն դեսպանների խմբի և «Universal Rights Group» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար` նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի նախորդ (մարտյան)` 28-րդ նստաշրջանի արդյունքներին և հիմնական ձեռքբերումներին։ Սեմինարին ներկա էին Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկերը, ով հանդես եկավ բացման խոսքով, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, դիվանագիտական տարբեր առաքելությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Կազմակերպիչների կողմից, իբրև սեմինարի հիմնական բանախոս, հրավիրվել էր ՀՀ ներկայացուցիչը՝ ներկայացնելու Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից ս/թ. մարտի 27-ին ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, որը դիտվում է իբրև նախորդ նստաշրջանի կարևորագույն ձեռքբերում: ՀՀ ներկայացուցիչն անդրադարձավ բանաձևի հիմնական դրույթներին, վերջինիս շուրջ կոնսենսուս ձևավորելու ուղղությամբ տարված աշխատանքներին, նախագծի քննարկման, ինչպես նաև Ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող միջազգային շարունակական ջանքերին։ Սեմինարի մասնակիցներն իրենց ելույթներում երախտագիտություն հայտնեցին Հայաստանին՝ կարևոր նախաձեռնության և կոնսենսուսային բանաձև մշակելու ուղղությամբ գործադրած հետևողական ջանքերի համար, ընդգծեցին Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միասնական ջանքերի անհրաժեշտությունը, ցեղասպանությունների զոհերի միջազգային օրվա սահմանման կարևորությունը։ Բանախոսին ուղղվեցին մի քանի տասնյակ հարցեր ինչպես բանաձևի նախագծի բանակցման և այդ առումով ձեռքբերած փորձի, այնպես էլ բանաձևի կիրառական դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: ՀՀ ներկայացուցիչը վերստին շնորհակալություն հայտնեց համահեղինակ յոթանասունմեկ պետությունների, այդ թվում երկու տասնյակից ավելի ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններին՝ բանաձևի ընդունմանն աջակցելու և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին ցուցաբերած կարևոր օժանդակության համար:

Նմանատիպ նյութեր