211652_close_icon
views-count1264 դիտում article-date 17:00 08-06-2015

Ոչնչացվել է 2014թ-ի հունվարի 17-ին հայտնաբերված շուրջ 1 տոննա հերոինը. ՀՀ Ֆիննախ

Մոտ մեկուկես տարի առաջ` 2014 թվականի հունվարի 17-ին Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում հայտնաբերել է 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, ինչն, ըստ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլև տարածաշրջանում: Հիշեցնենք, որ մոտ 1 տոննա հերոինը փորձ է արվել փոխադրել բեռնատարի միջոցով, ինչի նկատմամբ դեռևս 2013-ի դեկտեմբերի 27-ից էր հսկողություն սահմանվել Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել: Վահրամ Գուրողլյանի խոսքով` հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, ռենտգեն պատկերն ուղարկվել է Նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծություն և ռիսկային գնահատում կատարելու համար. «Համապատասխան վերլուծությունից հետո բեռնատարի պատկերը գնահատվել է ռիսկային և վերցրել հսկողության: Վարչության աշխատանքներին կասկածանքի հիմք տվեց նաև այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված և մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր»: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկվել է Մեղրիի մաքսակետ, որպեսզի մեքենայի սահմանահատման ժամանակ նույնպես ռենտգեն պատկերների համեմատություն կատարվի: 2013-ի դեկտեմբերի 28-ին, փայտանյութ տեղափոխող մեքենան հատել է հայ-իրանական սահմանը, իսկ շուրջ 20 օր հետո` 2014-ի հունվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում հսկողության վերցված «DAF» մակնիշի բեռնատարն, արդեն դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ, որտեղ «Rapiskan» համակարգով կրկին զննման է ենթարկվել և ռենտգեն պատկերը կրկին ուղարկվել Նախաբացթողումային հսկողության վարչություն: «Համադրելով այդ 3 ռենտգեն պատկերները, պարզվել է, որ բեռնատարի կցորդի հատակային մասում, իսկապես առկա է օտար մարմին: Մաքսանենգության կասկածանքով անմիջապես որոշում եմ կայացրել բեռնատարն ուժեղացված մաքսային հսկողության պայմաններում Մեղրիից տեղափոխել Երևան և «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստում նախաբացթողումային հսկողության շրջանակում ենթարկել առավել մանրակրկիտ զննության: Արդյունքում, ինչպես արդեն գիտեք, 2014-ի հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, բեռնատարին ամրակցված կցորդի հատակային մասում հայտնաբերված հատուկ հարմարեցված թաքստոցներից դուրս է բերվել «հերոին» տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ»,-տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետը: ՀՀ վերաքննիչ դատարանի` 20.05.2015թ. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «հերոին» տեսակի թմրամիջոցը ենթակա է ոչնչացման: Այն այրման միջոցով ոչնչացվել է հունիսի 6-ին` Արարատի ցեմենտի գործարանի վառարանում: [b]ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր