211652_close_icon
views-count618 դիտում article-date 16:11 10-06-2015

Կառավարության հավանությանն են արժանացել Դիլիջանում կատարվելիք ներդրումները

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն կարգավորելու է ներդրումային ծրագրերի հաստատման և իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման և հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները և այլն: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, բյուջետային գործընթացի շրջանակում պետբյուջեի պակասուրդի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ: Նիստում հավանության է արժանացել «Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը երկարացնել երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման ժամկետը. այն սպառվել է ս.թ. մայիսի 10-ին: Անցած մեկ տարվա ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել 3 հազար 210 անձի: Մինչև օրենքի ընդունումն այդպիսի կարգավիճակ էր ստացել 8 հազար 777 մարդ: Կարգավիճակ շնորհող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացման առաջարկը հիմնավորվում է այն կանխատեսմամբ, որ նման կոչման կարող է հավակնել մինչև 15 հազար ՀՀ քաղաքացի: Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Չնայած գործադիրը ողջունելի է համարել ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքների գործարար ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն գտնում է, որ դրանք պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի ակնկալվող արդյունքը գերազանցի պետության կրած կորուստը: Այս և մի շարք այլ հիմնավորումներով կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին: Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր