Դմիտրի Ալենիչևը՝ Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզիչ
Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհուրդը թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Դմիտրի Ալևնիչևին:
Ալենիչևը «Սպարտակի» ամենահայտնի խաղացողներից մեկն է եղել: Ակումբում որպես կիսապաշտպան խաղացել է 1994-1998 և 2004-2006 թվականներին: «Սպարտակի» կազմում չորս անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, երկու անգամ՝ Գավաթակիր:
Ալենիչևը համարվում է ռուսաստանցի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: «Պորտուի» կազմում նա երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, Պորտուգալիայի կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի հաղթող:
Մարզչական կարիերան Ալենիչևը սկսել է Ռուսաստանի պատանեկան հավաքականում, իսկ վերջին տարիներին ղեկավարում էր Տուլայի «Արսենալը», որին դուրս բերեց Ռուսաստանի բարձրագույն առաջնություն: Սակայն թիմը չկարողացավ հաստատվել այնտեղ և մրցաշրջանի արդյունքներով նորից լքեց բարձրագույն լիգան:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ Արազ Օզբիլիզը և Յուրա Մովսիսյանը: