211652_close_icon
views-count1081 դիտում article-date 11:07 11-06-2015

Վանաձորում ավարտվեց մենապայքարային մարզաձևերի առաջնությունը

Համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի 2015թ-ի մարզական միջոցառումների օրացույցային պլանի, դեռ ապրիլին Վանաձորում մեկնարկեց մենապայքարային մարզաձևերի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ ընդգրկված էր 5 մարզաձև: Հանդես եկան ավելի քան 350 մասնակիցներ: Մեկնարկը տրվեց ծանրամարտով, այնուհետ արդեն սամբո, ձյուդո, ազատ ըմբշամարտ, իսկ մենապայքարային մարզաձևերից վերջինը՝ բռնցքամարտի պատանիների առաջնությունը, ավարտվեց օրերս: Առաջնությանը մասնակցեց 70 բռնցքամարտիկ՝ 16 քաշային կարգերում: Կազմակերպված բոլոր մրցումներն անցել են բարձր մակարդակով, վստահեցնում է ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը: Բոլոր 5 առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են քաղաքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով ու նվերներով: Կազմակերպվող մրցումները տարեցտարի ավելի մեծ թափ են ստանում: Այս տարվա բաց առաջնություններին ակտիվորեն մասնակցել են մարզի այլ համայնքների մարզիկներ ևս: Վանաձորի կրտսեր տարիքի պատանիների բաց առաջնություններին իրենց մասնակցությունն են բերել Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի և Գուգարքի տարածաշրջանի մարզիկները: Քաղաքի առաջնություններում հաղթած մարզիկները հիմնականում ընդգրկվում են քաղաքի հավաքական թիմի կազմում և մասնակցում հանրապետական մրցումներին: Բաժնի պետը վստահեցնում է՝ տարին մարզական է վանաձորցիների համար: Այս տարվա լուրջ հաղթանակներն արդեն գրանցված են: Վանաձորն այս ամիսներին արդեն իսկ հասցրել է գրանցել բազմաթիվ հաջողություններ՝ միջազգային մրցումների հաղթողներ, Եվրոպայի չեմպիոն և ոչ միայն: Բաժինը այժմ զբաղվում է օգոստոսի 8-13-ը կայանալիք համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներով, որտեղ վանաձորցի մարզիկները հանդես կգան 8 մարզաձևերում: Վանաձորը համահայկական խաղերին կհյուրընկալի շուրջ 200 մարզիկ-մարզուհիների և հյուրերի աշխարհի տարբեր երկրներից: Առաջիկա օրերին կկայանա քաղաքի <Հուսո գավաթ> ֆուտբոլի մրցաշարը, սպորտային մարմնամարզության մրցումներ, շախմատի պատանիների և թեթև ատլետիկայի առաջնությունը: Վանաձորի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր