211652_close_icon
views-count1870 դիտում article-date 22:25 12-06-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա», «Դուստր Մելանիա» և «Միլ կաթ» ընկերություններ` նրանց գործունեությանն ու ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Շրջելով այդ ընկերություններում և տեղեկանալով ընկերությունների աշխատանքների մասին` նախարարը նշել է, որ կաթի արտադրության սեզոնայնությամբ պայմանավորված արտադրության ծավալներն առավելագույն քանակի են հասնում մայիս-հունիս ամիսներին, և վերամշակողները չեն կարողանում ամբողջ կաթի ծավալը մթերել կաթնամթերք արտադրելու համար: Նախարարը նշել է, որ մասնավորապես «Մարիաննա» ընկերությունն այս պահին աշխատում է ամբողջ հզորությամբ` օրական մթերելով շուրջ 200 տոննա կաթ, իսկ Կաթնառատ համայնքում գտնվող գործարանում ընթացող վերանորոգման աշխատանքներն օրերս կավարտվեն, և արդեն երկուշաթբի օրվանից կսկսվի կաթի մթերումը: «Մեր հիմնական խնդիրն է շուկան ապահովել տեղական արտադրության կաթի փոշիով և կտրուկ կրճատել ներկրվող կաթի փոշու ծավալները: Հզորությունները շատ մեծ են, և կաթի ավելցուկը չոր կաթի վերածելու շնորհիվ մենք կկարողանանք ձմռան ամիսներին սեփական արտադրությունն ապահովել, ինչպես նաև արտահանումներ իրականացնել»,- իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նաև հավելել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ներկրվող կաթի փոշու որակի վերահսկողությունը: Նախարարի խոսքով` այս տարվա առաջին հինգ ամիսներին հանրապետություն է ներկրվել շուրջ 688 տոննա կաթի փոշի. նախորդ տարվա համեմատ ծավալները կրճատվել են շուրջ 38 տոննայով, կաթի մթերման գործընթացն իրականանում է սահուն և առանց խնդիրների, այս պահին բոլոր ընկերությունները գյուղացիներից կաթը մթերում են 120-130 դրամով, իսկ «Դուստր Մելանյա» ընկերությունում մթերման գինը կազմում է 135-140 դրամ: Սերգո Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ որոշ համայնքներում միջնորդների գործունեության պատճառով կաթը գյուղացիներից մթերվում է 100-110 դրամով, և նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս խնդրին նույնպես լուծում տալու ուղղությամբ, որպեսզի գյուղացիները դժգոհություններ չունենան:

Նմանատիպ նյութեր