211652_close_icon
views-count1384 դիտում article-date 18:35 03-06-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզի ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր` ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Այցը մեկնարկել է Ցամաքասար համայնքում գործող «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվից, որի նախագահ Սոս Սարոյանը տեղեկացրել է, որ 32 անդամից բաղկացած կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, ինչպես նաև կաթի հավաքմամբ, սառնարանային պահպանությամբ և վերամշակմամբ: Կոոպերատիվում կաթի վերամշակման հզորությունը կազմում է տարեկան շուրջ 400 տոննա: 2015 թվականին այստեղ արտադրվել է շուրջ 7 հազար կգ պանիր, 900 կգ կարագ: Նա նաև նշել է, որ 2015 թվականից «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» դրամաշնորհների միջոցով ձեռք են բերվել պանրի արտադրության սարքավորումներ, որոնք թույլ են տվել կոոպերատիվում նախաձեռնել պանրի արտադրություն: Ներկայումս այստեղ արտադրվում են «Լոռի», «Սուլուգունի» և «Ռոքֆոր» պանրատեսակներ, որոնք իրացվում են տեղական շուկայում: Առաջիկայում նախատեսվում է պանրի իրացման նոր շուկաներ մուտք գործելու շնորհիվ ավելացնել մթերվող կաթի և թողարկվող արտադրանքի ծավալները: Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Սասունիկ համայնքում տեղակայված գինեգործական «Վան Արդի» ՍՊԸ-ում, որտեղ 9 հեկտարի վրա հիմնականում մշակվում են խաղողի տեղական սորտեր, յուրաքանչյուր հեկտարից տարեկան ստացվում է միջինը 8-10 տոննա բերք: Ընկերությունն արտադրում է չոր, անապակ սպիտակ, վարդագույն և կարմիր գինիներ: Այժմ ընթացքի մեջ են խաղողի այգում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքները: Ընկերության արտադրական հզորությունը կազմում է տարեկան մոտ 50 հազ. շիշ գինի: Արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստան, Նիդերլանդներ և Բելգիա: Առայժմ քիչ քանակներով արտահանվել է նաև Անգլիա և Ֆրանսիա, իսկ մինչև տարվա վերջ կարտահանվի ևս երեք նոր շուկաներ: Ընկերությունը հիմնում է խաղողի նոր այգիներ, որի շնորհիվ կավելանան ինչպես գինու արտադրության, այնպես էլ՝ արտահանման ծավալները: Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար նախարար Սերգո Կարապետյանն ընկերության հիմնադիր Վարուժան Մուրադյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով: Նախարարի վերջին կանգառն Աշտարակում էր, որտեղ նա այցելել է «Փի ընդ Դի Գրուպ» ՍՊԸ, որը հայտնի է «Գուրմէ Դուրմէ» ապրանքանիշով շոկոլադի արտադրությամբ: Ընկերությունը ստեղծվել է 2007թ. հայրենադարձ եղբայրներ Պիեռ և Դիրան Բաղդադյանների կողմից: Ներկայացնելով իրենց արտադրանքը` Պիեռ Բաղդադյանն ընդգծել է, որ ընկերության արտադրանքի մեծ պահանջարկը պայմանավորված է առաջին հերթին Եվրոպայից ներկրվող հումքի բարձր որակով, բացի այդ ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել նոր արտադրամաս, որի շնորհիվ կավելանան շոկոլադի արտադրության ծավալները, ինչը թույլ կտա կազմակերպել նաև արտահանման գործընթացը դեպի Ռուսաստան: Ընկերության հիմնադիր Պիեռ Բաղդադյանը ևս պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով: Ամփոփելով այցի արդյունքները` նախարարը նշել է, որ բոլոր այցելած ընկերությունները իրենց գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել են բավական լուրջ հաջողությունների հասնել և ներկայումս ունեն զարգացման ու առաջընթացի մեծ ներուժ: «Վերամշակող ճյուղը մեծ հեռանկարներ ունի մեր երկրում, և վստահ եմ, որ առաջիկայում այս ընկերությունները կշարունակեն իրենց ակտիվ գործունեությունը` ավելացնելով արտադրական հզորությունները, մեծացնելով արտադրության ծավալներն ու ընդարձակելով իրենց արտադրանքի տեսականին, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր կողմից կաջակցի նման ընկերությունների զարգացմանն ու ընդլայնմանը», - նշել է նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր