211652_close_icon
views-count1270 դիտում article-date 18:07 17-06-2015

Երևանի 2015 թվականի զբոսաշրջային քարտեզ. ևս մեկ քայլ դեպի քաղաքային զբոսաշրջության զարգացում

Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Երևանի 2015թ. զբոսաշրջային քարտեզը: Երկլեզու՝ ռուսերեն և անգլերեն տարբերակով տպագրված քարտեզը ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ՝ այդ թվում Ցեղասպանության հուշահամալիրը, ցուցասրահներ, եկեղեցիներ, զբոսայգիներ, ինչպես նաև Կենդանաբանական այգին, առողջապահական հաստատությունները: Մայրաքաղաքի կենտրոնում կողմնորոշվելուն աջակցող քարտեզում նշված են նաև Երևանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով էլ ներկայացված են շտապ բուժօգնության, ոստիկանության և այլ ծառայությունների հեռախոսահամարները, կայքեր: Այստեղ նշված է նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի և տուրիզմի բաժնի հեռախոսահամարները: «Երևանի 2015 թվականի զբոսաշրջային քարտեզը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու ընդունված չափորոշիչները: «Քարտեզը տպագրվել է քսան հազար օրինակով: Այն կոմերցիոն նպատակ չի հետապնդում և անվճար բաժանվելու է օդանավակայանում, զբոսաշրջային ընկերություններում, սպասարկման կենտրոններում, այդ թվում՝ հյուրանոցներում և սպասարկման տարբեր օբյեկտներում: Ուսումնասիրելով դաշտը՝ մեր գլխավոր նպատակն էր ունենալ մեկ միասնական զբոսաշրջային քարտեզ-ուղեցույց, որի օգնությամբ Երևան այցելող զբոսաշրջիկները կկարողանան հեշտորեն կողմնորոշվել քաղաքում: Բացի այդ, քարտեզը որոշակի առումով նաև ինքնատիպ մասնագիտական աջակցություն է զբոսաշրջային ընկերություններին»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը: Երևանի պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու և քաղաքի ռիթմը զգալու համար զբոսաշրջիկներին, որպես խորհրդատվություն, առանձին առաջարկվում է նաև այցելության 12 վայր՝ էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի քաղաքի պատմության թանգարան, Մատենադարան, Վերնիսաժ, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին, զբոսանք Կասկադում և Հյուսիսային պողոտայում: Ի դեպ, քարտեզում առկա է նաև մշակութային որոշ հաստատությունների աշխատանքային ժամերի և մուտքի պայմանների հետ կապված տեղեկատվություն: Մարիա Բարաղամյանը նաև տեղեկացրել է, որ կարևորելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը՝ հետագայում նախատեսվում է քարտեզում ընդգրկել նաև մյուս վարչական շրջանները: Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տուրիզմի բաժնի կողմից իրականացվող ծրագրերին՝ նշվել է, որ աշխատանքներ են տարվում միանգամից մի քանի ուղղություններով: Հատկապես վերջին շրջանում շեշտադրված ուշադրություն է դարձվում մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը: Այս համատեքստում առանձնացվել է փառատոների անցկացումը, այդ թվում «Երևանյան ամառ 2015» ծրագրով օրեր առաջ «Համով–հոտով Երևան» խորագրով տոնածիսական ուտեստների փառատոնը, որն իր հերթին լայն արձագանք էր գտել և հետաքրքրություն առաջացրել զբոսաշրջիկների շրջանում: «Դեռևս 2014-ին «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում անցկացված «Երևան 2025» համաժողովի ընթացքում ներկայացվեց մայրաքաղաքի զարգացման տեսլականը, որի մեջ առանձնանում էր Երևանը զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն դարձնելու նպատակը: Սա իհարկե, շատ ծավալուն աշխատանք է, սակայն քայլեր այս ուղղությամբ արդեն ձեռնարկվում են: Արդեն մեկուկես տարի շարունակվում են աշխատանքները քաղաքի տարածքային բրենդի մշակման ուղղությամբ»,-ընդգծել է տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը: Խոսելով մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների վիճակագրությունից՝ նշվել է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 232 հազար 583 զբոսաշրջիկ, որի 34 տոկոսը ԱՊՀ, ավելի քան 18 տոկոսը՝ եվրոպական երկրներից: Մարիա Բարաղամյանը շեշտել է, որ մեր երկիր այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկներն իրենց հանգստի նվազագույնը 2-3 օրն անցկացնում են Երևանում: Հետաքրքրական է, որ ռուսական պարբերականները, անդրադառնալով գարնանը կանանց և մայիսյան տոների անցկացման լավագույն վայրերի ընտրությանը, նախընտրելի ուղղություն են դիտարկել և հյուրանոցների ամրագրման տեսանկյունից առաջատար դիրքերում է գտնվել Երևանը:

Նմանատիպ նյութեր