211652_close_icon
views-count4106 դիտում article-date 22:07 26-06-2018

Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը

Այս տարվա ապրիլից Գեղարքունիքի մարզում ներդրվել է ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը նախատեսում է խթանել տուրիզմի զարգացումը գյուղական համայնքներում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Գեղարքունիքի մարզպետի Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպմանը հավաստեց ՄԱԶԾ «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավար Լիաննա Դոյդոյանը: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ կրթել եւ ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման եւ խթանման համար, որտեղ առաջնային է համարվում ենթակառուցվածքների ստեղծումը եւ երիտասարդների ներգրավումը ծրագրերի իրականացման գործընթացներում: «Գավառի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ընտրել համապատասխան մասնագիտություն ձեռք բերած ակտիվ երիտասարդների, ովքեր կարող են համագործակցել մարզպետարանի համապատասխան բաժնի հետ՝ մասնակցելով զարգացման ծրագրերի իրականացման գործընթացներին: Այս տարվա համար նախատեսել ենք ներդրումներ կատարել Նորատուսի եւ Արծվաքարի պանրի արտադրամասերում, Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում եւ տուրիստների ակտիվ հոսք ապահովել Կալավան եւ Դրախտիկ հմայնքներում»,-նշեց Լիաննա Դոյդոյանը: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ողջունելով ծրագրերի իրականացումը զբոսաշրջային ոլորտում, հայտնեց իր պատրաստակամությունը՝ աջակից լինել բոլոր ձեռնարկներում: «Գեղարքունիքի մարզի զարգացման կարեւորագույն ուղղությունները ես համարում եմ գյուղատնտեսությունն ու տուրիզմը: Պետք է մտածենք նաեւ ձմեռային տուրիզմի զարգացման մասին, քանի որ ամառային տուրիզմի տեւողությունը շատ կարճ է: Ձմեռային տուրիզմի զարգացման համար հարկավոր է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի եւ՛ ներդրողների, եւ՛ զբոսաշրջիկների համար մարզը դառնա գրավիչ: Ես ողջունում եւ խրախուսում եմ այն նախաձեռնությունը, որով երիտասարդներն այս ծրագրերում ներգրավվելու հնարավորություն են ձեռք բերում: Այստեղ մենք շատ անելիքներ ունենք եւ պատրաստ ենք՝ ամբողջությամբ համագործակցելու,-հանդիպման ավարտին նշեց մարզպետը:

Նմանատիպ նյութեր