211652_close_icon
views-count1614 դիտում article-date 20:55 18-06-2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում

Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի շրջանակում Նոր Նորքում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում: Նոր Նորքի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այս տարի շարունակվում է վարչական շրջանի 6-րդ զանգվածի կասկադատիպ համալիրի տարածքի հիմնովին բարեկարգումը: Տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող տարածքը փուլ առ փուլ բարեկարգվում և նոր տեսքով ու հարմարավետությամբ հանձնվում է բնակիչների տնօրինմանը: Ծրագրով համալիրի երկրորդ հատվածում ևս բարեկարգումից հետո կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կիրականացվեն կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ: Հանգստի գոտին ապահովված կլինի նաև գիշերային լուսավորությամբ: Բնակիչների հետ միասին ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ բարեկարգման ծրագիրը 2016թ.-ին ևս կունենա շարունակություն, որի շնորհիվ կասկադատիպ համալիրը կամբողջանա: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր էր: Նոր Նորքի Շոպրոնի 4 շենքի բակում բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Կառուցված նոր բակի հանդիսավոր բացումը շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին է կատարել: Քաղաքապետը շրջել է բակում, գնահատել կատարված աշխատանքն ու զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած այս տարածքը ևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Նստարաններով ու մանուկների համար խաղահրապարակներ ունեցող հանգստի հարմարվետ գոտին, բնակիչների հավաստմամբ, սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում ևս բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:

Նմանատիպ նյութեր