211652_close_icon
views-count1293 դիտում article-date 22:25 18-06-2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ

«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի հյուրեր, թույլ տվեք ՀՀ ԱԺ անունից ողջունել ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությունը, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումներն ու ծրագրերը, մշտապես կարեւորել է երկրի լիարժեք համագործակցությունը եվրոպական կառույցների հետ: Մենք հետամուտ ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ Ազգային ժողովը հանձնառու է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված օրենսդրական բարեփոխումների գործընթացի իրականացմանը: Խորհրդարանը շարունակում է զարգացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ եւ թափանցիկ օրենսդրական վերահսկողությունը` ընդլայնելով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դերակատարությունը պաշտպանական գործունեության վերահսկման գործում: Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին: ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 35 հոգուց կազմված ստորաբաժանումը շարունակում է իր մասնակցությունը Կոսովոյի ուժեր խաղաղության հաստատման գործողությանը ԱՄՆ հրամանատարության ներքո, որին վերսկսել է մասնակցել 2012 թվականի հուլիսի 6-ից: Մինչ այդ, 2004-2011 թվականներին վերոնշյալ առաքելությանը մասնակցել է Հունաստանի հրամանատարության ներքո: 2015 թվականի հունվարից Հայաստանի զինված ուժերի 121 հոգուց բաղկացած զորախումբը շարունակում է իր մասնակցությունը Աֆղանստանում նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում գերմանական հրամանատարության ներքո՝ իրականացնելով Քաբուլի Քասաբա զինավանի եւ Մազարի Շարիֆի Մարմել ռազմաբազայի անվտանգության պաշտպանությունը:Հարգելի մասնակիցներ եւ հյուրեր, համոզված եմ, որ առաջիկա օրերին մենք ականատես կլինենք սեմինարի օրակարգում ներառված տարաբնույթ հարցերի վերաբերյալ բազում հետաքրքիր քննարկումների: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ մաղթել բեղմնավոր ու հետաքրքիր աշխատանք»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նմանատիպ նյութեր