211652_close_icon
views-count1367 դիտում article-date 21:29 20-06-2015

Արգենտինահայ համայնքն իր շնորհակալությունն է հայտնում Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Հունիսի 24-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում Արգենտինայի հայ համայնքի կողմից երախտագիտության միջոցառում կիրականացվի` Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատվին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նրա վճռորոշ աջակցության համար: Prensa Centro Armenio-ի տեղեկացմամբ՝ արարողությունը կանցկացնեն արգենտինահայ համայնքի կրոնական առաջնորդները` Արգենտինայի հոգևոր առաջնորդ և Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Մարիո Պոլիի գլխավորությամբ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջազգային ոգեկոչման շրջանակում` ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս պապը Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ մատուցեց` ի հիշատակ զոհերի, որի ժամանակ հայ ժողովրդի տառապանքները բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Իր ելույթում Պապն ասաց. «Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի», և այս խոսքով հաստատեց Թուրքիայի ժխտողական քաղաքականության առկայությունը: Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղղված արգենտինահայ համայնքի նամակում ասվում է. «Նորին Սրբություն Ֆրանցիսկոսին, Վատիկան Հարգարժան Հայր Սուրբ, Պատիվ ունենք դիմելու Նորին Սրբությանը` Արգենտինայում բնակվող հայ համայնքի անունից, 20-րդ դարում տեղի ունեցած առաջին ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի այս հուզումնառատ և հայրենասիրական եռանդով լի տարում: Հայր Սուրբ, մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր կողքին լինելու և այս ցավալի տարելիցին մեր սրտերն ուրախացնելու համար: Շնորհակալություն Ձեր ձայնը բարձրացնելու համար` ի աջակցություն այս փոքր, սակայն արժեքավոր ժողովրդի, որը հավատարիմ է մնացել իր հավատքին դարերի ընթացքում, խոշտանգվել և հալածվել է, սակայն վերածնվել է մոխրից»:

Նմանատիպ նյութեր