211652_close_icon
views-count1219 դիտում article-date 22:36 24-06-2015

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները` ՏԿԱԻՆ-ում

Հունիսի 24-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը ընդունեց ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների դեպքում Հայաստանում ձեռնարկվող միջոցառումներին: Հ. Եմիշյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ վարչության գործառույթներին, ներկայացրեց աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության զանգվածային ոչնչացման զենքի բաժնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Վիլյամ Սամները նշեց, որ Եվրոպական երկրների հետ համագործակցության միջոցով հնարավորություն է ստեղծվում ծանոթանալ տարածաշրջանի գործընկերների կարողություններին, կազմակերպել փորձի փոխանակում, և աղետների սպառնալիքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումներ։ -Ծանոթանալով քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների դեպքում տարբեր երկրների աշխատանքներին և կազմակերպելով դրանց գնահատումը՝ մեր նպատակն է գտնել նկատելի ձեռքբերումները՝ օգտագործելով այդ նոր կարողությունները այլ երկրներում,-նշեց Վ. Սամները։ Վ. Սամները հավելեց նաև, որ արդեն 8 երկրներում անցկացվել է աշխատանքների գնահատման ծրագիր: Նախատեսվում է այն անցկացնել նաև Ադրբեջանում և Ուկրաինայում: Քննարկելով հնարավոր աղետների դեպքում համապատասխան գործողությունները և մասնագետների պատրաստվածությունը՝ Հ. Եմիշյանը նշեց. -Պարբերաբար անցկացվում են վարժանքներ, որոնց մասնակցում են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, մեր մասնագետները վերապատրաստում են անցնում: Սեպտեմբերին նախարարության խումբը կմասնակցի ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորմանը: Հ. Եմիշյանը նաև նշեց, որ ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարմա ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է ատոմակայանի հետ՝ հնարավոր ճառագայթային աղետի դեպքում արագ արձագանքելու համար: Բարձր գնահատելով փրկարարական աշխատանքները՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները նշեցին, որ ծրագիրը հնարավորություն կտա առավել կատարելագործել հմտությունները:

Նմանատիպ նյութեր