10188 դիտում
12:28 26-06-2015
Բաղրամյան պողոտայում բռնության հորդորներով 2 կանայք փորձում էին լարվածություն առաջացնել, բայց ցուցարարները բացականչեցին, թե` «100 դոլարանոց» կանայք են ու նրանց սադրանքներին չտրվեցին
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա 2 կին էին եկել եւ փորձում էին խառնակչություն առաջացնել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախ նրանք ասում էին, թե սկզբում պայքարից այնքան են ոգեւորվել, որ ցանկացել են գալ եւ բոլորի ճակատը պաչել, բայց հետո հասկացել են, որ հեռանկար չկա և կտրուկ քայլերի չեն դիմում, ինչը իրենց բարկացնում է:
Ցուցարարները միմյանց հորդորեցին, որ նրանց հետ երկխոսության մեջ չմտնեն ու բացականչում էին՝ «դո՜ւրս, դո՜ւրս»: Տարեց պապիկներն էլ այնքան էին բարկացել, որ նույնպես երիտասարդներին հորդորում էին նրանց հետ զրույցի չբռնվել եւ թողնել, որ «ջանդամվեն, գնան»: Մի քանիսն էլ բացականչում էին, թե՝ հարյուր դոլարանոց կանայք են:
Հետաքրքիրն այն էր, որ ոստիկանությունը մոտեցավ միայն այն ժամանակ, երբ նրանց հաջողվեց հեռացնել տարածքից:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը: