1285 դիտում
16:26 03-07-2015
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Կունիտո Նագաոկայի «Խաչքար» ցուցահանդեսը
Ս. թ. հուլիսի 3-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվում է Կունիտո Նագաոկայի (Ճապոնիա) «Խաչքար» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հուլիսի 24-ը:
Սա հնգամյա մի նախագիծ է, որով ճապոնացի պրոֆեսոր և արվեստագետ Կունիտո Նագաոկան ներկայացնում է իր ծրագիրը:
2012 թվականից ի վեր, ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների ու Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանների հետ պրոֆեսորը սկսեց պատճենել իր կողմից ընտրած որոշ խաչքարեր` Տակու–Հոն դրոշմատպման եղանակով:
Պրոֆեսոր Նագաոկան երկար տարիներ դասավանդել է Եվրոպական տարբեր գեղարվեստի ակադեմիաներում՝ որպես հրավիրյալ պրոֆեսոր: Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ավելի քան 60 թանգարաններում և պատկերասրահներում: Նագաոկան ունեցել է շուրջ 140 անհատական ցուցահանդես: Ձեռագործ դրոշմատիպեր ստեղծելիս, Նագաոկան կիրառում է ավանդական չինական Տակու-Հոն տեխնիկան, որին այսօր հիմնականում տիրապետում են ճապոնացիները: Դրոշմատպման համար անհրաժեշտ է բարակ, բայց ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) և համապատասխան ստվերաներկ (տուշ): Հայաստանում արվեստագետը օգտագործում է ճապոնական «տանգո» տիպի թուղթ, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպը համարվում է բնօրինակ և արվեստագետի ստորագրությունն է կրում:
Այս ցուցահանդեսում ներկայացվում է պրոֆեսոր Նագաոկայի ձեռագործ դրոշմատիպերի ընտրանին: Խաչքարերի այս պատկերագրումը միևնույն ժամանակ վկայում է խաչքարերի զարմանալի բազմազանության մասին: Ամեն խաչքար եզակի է և դիտողին ցույց է տալիս քրիստոնեական խաչը որպես կենաց ծառ: Հատկապես, տպավորիչ է խաչի ձևավորումը` կենտրոնում, երկնքի և երկրի միջև, իր ճյուղերով և շիվերով խաչը ներկայանում է որպես հույսի խորհրդանիշ, հիշեցնում մեզ կյանքի հորձանքի մասին:
Նմանատիպ նյութեր
1287 դիտում
16:33 26-03-2015
Թուրքմենստանի պետական թանգարանի ցուցահանդեսը` ժողովրդական ստեղծագործության թանգարանում
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»