1293 դիտում
13:18 04-07-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին
Հուլիսի 3-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից՝ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն, երկու երկրների դեսպանները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը շեշտել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով` Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյա կապերը և Ֆրանսիայում հայկական համայնքի առկայությունը, որը մշտապես ջերմ և հոգատար վերաբերմունքի է արժանացել թե՛ ֆրանսիացի ժողովրդի, և թե՛ Ֆրանսիայի իշխանությունների կողմից:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջև հաստատված միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ այս հարցում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա կարևոր է համարել այն փաստը, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունները Հայաստան հաճախ զուգորդվում են նաև Լեռնային Ղարաբաղ այցերով: «Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում», - նշել է վարչապետը։
Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանականների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ: «Գտնվելով Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ չեմ կարող խորին երախտագիտություն չհայտնել 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու Ֆրանսիայի մարդասիրական բարձր առաքելության համար: Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով», - ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:
Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը նշել է, որ մեծ պատիվ է ընդունել Հայաստանի վարչապետին այս խորհրդանշական տարում, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Ֆրանսիայի ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները, կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Կլոդ Բարտոլոնը գոհունակությամբ փաստել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպության շրջանակներում տարբեր ձևաչափերով արդյունավետ համագործակցությունը: «Հայաստանը Ֆրանսիայի բարեկամն է: Մենք պատրաստակամ ենք խորացնել մեր բարեկամությունն ու ընդլայնել համագործակցությունը», - ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և այս համատեքստում վարչապետը արժևորել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման գործում: Նրա խոսքով՝ ՀՀ Նախագահի մակարդակով մասնակցությունն Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով:
Կողմերը կարևորել են նաև միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
15:28 14-11-2015
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին և Սենատի նախագահ Ժերար Լարշեին
Այս բաժնից
976 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
886 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր