Ադրբեջանցիները Լոնդոնում բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Բակո Սահակյանի
Լոնդոնի Չաթըմ Հաուսի (Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ) շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Եվրոպա-Ադրբեջան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է հaqqin.az պորտալը, նրանք բողոքել են միջոցառմանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցության դեմ, որի ժամանակ Արցախի նախագահը նաև ելույթով է հանդես եկել:
Ինչպես արդեն հայտնել ենք, Բ. Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:
Իր ելույթում նա նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Չաթըմ Հաուսի կարգախոսը` «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ եւ արդար աշխարհ»՝ հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաև մեր աշխարհընկալման մեջ և նման հանդիպումներն օգտակար են թե Արցախի, թե տարբեր պետությունների և միջազգային կառույցների համար:
Ադրբեջանական պորտալը նշում է, որ իրենց կազմակերպությունը ավելի վաղ դիմել էր ինստիտուտի ղեկավարությանը՝ միջոցառմանը մանսակցելու թույլտվության խնդրանքով, սակայն մերժում է ստացել: