211652_close_icon
views-count1324 դիտում article-date 17:27 08-07-2015

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ.-ի հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը` Ավան վարչական շրջանը: Հունիս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը` Արաբկիր վարչական շրջանը: 2015թ.-ի առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները: Անդրադառնալով գնահատման ցուցանիշներին, որոնք ձևավորվել են շինարարության և բարեկարգման, կրթության, մշակույթի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, սեփական եկամուտների հավաքագրման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների առջև համակարգված ու ամենօրյա աշխատանքի խնդիր է դրել՝ գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու համար: Բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան, և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է տեղերում ուսումնասիրություններ կատարել և վարչական շրջանների ցածր ցուցանիշներ ապահովող բաժիններին աջակցել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով: «Վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը մեզ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս ըստ ոլորտների տեսնել ու գնահատել ձեր կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը: Ինձ համար անընդունելի է հատկապես վարչական շրջանների աշխատակազմերում գործող այն բաժինների աշխատանքը, որոնց պատճառով տվյալ վարչական շրջանները գնահատման արդյունքում ցածր ցուցանիշներ են գրանցում: Եղեք հետևողական, աշխատանք տարեք համապատասխան բաժինների հետ և կարճ ժամանակում շտկեք բոլոր թերացումներն ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար: Իսկապես մեծ են մայրաքաղաքի բնակիչների սպասելիքները մեզանից, ու յուրաքանչյուրը պարտավոր է իր հետևողական, սրտացավ ու ամենօրյա աշխատանքով արդարացնել այդ սպասելիքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2015թ.-ի հունիս ամսվա գնահատման արդյունքները: Ամփոփելով տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել և հետևողական աշխատանք տանել ընդունելությունների շրջանակում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու և սպառիչ պատասխաններ ապահովելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր