1417 դիտում
19:39 14-12-2015
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ. նոյեմբեր ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով ամփոփ ցուցանիշները, որոնք ձևավորվել են շինարարության և բարեկարգման, կրթության, մշակույթի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, սեփական եկամուտների հավաքագրման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքում, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը` Էրեբունի վարչական շրջանը: 2015թ. նոյեմբեր ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանները:
Առանձնակի կարևորելով վարչական շրջանների համակարգված աշխատանքը՝ Երևանի զարգացման քառամյա ծրագրում ընդգրկված ու բնակիչներին ներկայացված բոլոր աշխատանքների կյանքի կոչման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու համար ամենօրյա հետևողականություն ցուցաբերել:
«Երևանի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2016թ.-ին ևս մեր անելիքները շատ են: Ուստի, մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև բնակիչների կողմից առաջադրվող խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով մենք պետք է ամենօրյա հետևողական աշխատանք կատարենք: Վստահ եմ, որ թիմային աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք ամբողջությամբ կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք մեր բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջաններին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները:
Քաղաքապետը նաև նկատել է, որ վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է տարվա ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների
արդյունավետությունը:
Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2015թ. նոյեմբեր ամսվա գնահատման արդյունքները: Ամփոփման շրջանակում վերլուծվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև «Թեժ գծով» ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները:
Անդրադառնալով ընդհանուր առմամբ դրական գնահատված ցուցանիշներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին հորդորել է չբավարարվել գրանցած ցուցանիշներով և ամենօրյա հետևողական աշխատանք տանել դրանց բարելավման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2413 դիտում
21:14 11-12-2017
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2017թ. նոյեմբեր ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
854 դիտում
16:26 12-05-2015
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ.-ի ապրիլ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները