211652_close_icon
views-count1187 դիտում article-date 08:15 09-07-2015

ՌԴ-ի կողմից զենք վաճառելը նպաստում է խաղաղությանը. Ռուս քաղաքագետ. «Ժամանակ»

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանի հատկացրած 200 միլիոն դոլար վարկով Հայաստանը այդ երկրից ձեռք է բերելու նաեւ հեռահար սպառազինություն: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիր։ Այս տեղեկությունն օրեր առաջ տարածել էր ռուսաստանյան TASS լրատվական գործակալությունը: Թե՛ ռուսաստանցի եւ թե՛ ադրբեջանցի քաղաքագետները վստահ են՝ Հայաստանին վարկի դիմաց սպառազինություն տրամադրելուց հետո Ռուսաստանն անպայման զենք կմատակարարի նաեւ Ադրբեջանին, գրում է «Ժամանակ» թերթը և ներկայացնում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի հետ հարցազրույցը այս թեմայի վերաբերյալ. «Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, մի կողմից՝ լարվածություն է առաջացնում, մյուս կողմից՝ նպաստում խաղաղությանը: Ցանկացած տեսակի զենքի ավելացում մեծացնում է պատերազմի հավանականությունը: Բայց մյուս կողմից էլ՝ այդ երկրները զենք գնում են ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն է ցանկանում այն վաճառել, այլ պարզապես ուզում են ուժեղ եւ զինված լինել թշնամու առաջ: Եթե Ռուսաստանը չվաճառի զենք, ապա Հայաստանն ու Ադրբեջանը զենք կգնեն այլ երկրից: Զենք վաճառող երկիրը կարող է որոշակիորեն ազդել իրավիճակի վրա, եւ իմ տպավորությամբ՝ լավ է, որ զենք վաճառում է հենց Ռուսաստանը»: Քաղաքագետի կարծիքով Ռուսաստանը խաղաղության կողմնակից է՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների, իսկ ՌԴ-ի կողմից զենք վաճառելը նպաստում է խաղաղությանը: Ռուս քաղաքագետը նաև ասել է, որ Հայաստանի հետ կայացրած գործարքից հետո, Ռուսաստանը զենք կմատակարարի նաև Ադրբեջանին, հակառակ դեպքում ուժերի հավասարակշռությունը կխախտվի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր