211652_close_icon
views-count6994 դիտում article-date 16:28 12-07-2015

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարի հետ. ֆոտոշարք

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղար Բոգդան Ստանոևիչի հետ։ Հասմիկ Պողոսյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակի շրջանակներում խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև կարևորել իր մասնակցությունը համաժողովին և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ընացքում` հուլիսի 12-19-ը ցուցադրվելու է 5 ռումինական կինոնկար: ՀՀ մշակույթի նախարարը նաև կարևորել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղար Բոգդան Ստանոևիչի Մշակութային ժառանգության ռեսուրսները. մշակութային զբոսաշրջություն և միասնական մշակութային ժառանգություն խորագրով զեկույցը Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն թեմատիկ կլոր սեղանի շրջանակներում: Բոգդան Ստանոևիչը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ շեշտել իր հիացմունքը հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի հանդեպ։ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայ-ռումինական մշակութային համագործակցության սկիզբը դրվել է 1997 թ. սեպտեմբերի 20-ին, երբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բանագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը եւ ավելացրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին 2006-2010 թթ. համար ստորագրվել է գործնական ծրագիր, որը սակայն շարունակություն չի ստացել: ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ վերջին տարիներին հայ-ռումինական մշակութային համագործակցության առանցքը կազմում է ռումինահայ ժառանգության ուսումնասիրումը և ներկայացումը: Այդնպատակով 2013-ից ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Ռումինիա էր մեկնել հայտնի ֆրանսահայ գիտնական, պատմաբան Կլոդ Մութաֆյանը` Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունը ուսումնասիրելու, իսկ հետագայում նաև՝ այդ ժառանգությանը նվիրված գիտաժողով ու ցուցահանդես կազմակերպելու համար: Պայմանավորվածության համաձայն, ցուցահանդեսը պետք է կայանա Ռումինիայի Արվեստի ազգային թանգարանում: 2014 թ. ընթացքում Կ. Մութաֆյանը ավարտել է իր ուսումնասիրությունները և ձևավորել ցուցահանդեսի հայեցակարգը: Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարը նշել է, որ վերոնշյալ ցուցահանդեսը տեղի կունենա 2016 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում։ Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է արտերկրում գտնվող ազգային ժառանգության ուսումնասիրությունն ու հավաքագրումը: Այդ նպատակով ՀՀ Ազգային գրադարանը նախաձեռնել և իրականացնում է աշխարհում առկա հայ գրականության հաշվառում և հավաքագրում: Նախարարը նշել է, որ ներկայում գրադարանը հայտնաբերել է, որ Ռումինիայի Դումբրավեն քաղաքի գրադարանում առկա է հայերեն կամ հայ հեղինակի 14 անուն գիրք, որոնք չկան ՀԱԳ հավաքածուի մեջ։ Հասմիկ Պողոսյանն առաջարկել է Ռումինիայում ՀՀ դեսպանության միջոցով այդ գրականության կրկնօրինակները Դումբրավենի քաղաքի գրադարանից փոխանցել Հայաստանի ազգային գրադարանին։ Ի պատասխան՝ Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարը նշել է, որ ընթացք կտա՝ գրականության կրկնօրինակները Դումբրավենի քաղաքի գրադարանից փոխանցելու Հայաստան։ Անդրադարձ է եղել նաև ռումինահայ գրող, Ռումինիայի սենատի անդամ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ, նախկին ֆինանսների նախարար, գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքին։ «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը' արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Գիրքը թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով: Հասմիկ Պողոսյանը Բոգդան Ստանոևիչին է նվիրել «Հայերը Ռումինիայում» լուսանկարչական ալբոմը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր