211652_close_icon
views-count3438 դիտում article-date 18:18 14-07-2015

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի հետ

Այսօր` հուլիսի 14-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: ՀՀ մշակույթի նախարարը ողջունել է Սիրիայի նախարար Իսսամ Խալիլին եւ կարևորել է նրա «Մտքի ավերածություն» խորագրով զեկույցը Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն կլոր սեղանի շրջանակում: Հասմիկ Պողոսյանն առաջարկել է համագործակցության ընդլայնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Սիրիայում Իսլամական պետության կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով և շեշտել, որ ժամանակին չձեռնարկված քայլերը վատ նախադեպ են հանդիսանում նման վայրագությունների համար: Միևնույն ժամանակ վստահեցրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով: Սիրիայի մշակույթի նախարարը մտահոգություն է հայտնել զինված հակամարտության պատճառով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ։ ՀՀ մշակույթի նախարարը կիսել է արաբ գործընկերոջ մտահոգությունը և հավելել, որ պետք է միավորել ուժերը՝ մշակութային վանդալիզմը կանխելու համար։ Հասմիկ Պողոսյանն արաբ գործընկերոջն առաջարկել է երկու երկրներում հայկական և սիրիական մշակույթի օրեր անցկացնել։ Նա շեշտել է, որ ուրախ կլինի, եթե արաբ գրողները մասնակցեն 2015թ. սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Գրական տապան» միջազգային ծրագրին։ ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել Սիրիայի արաբական Հանրապետության կառավարությանը և մասնավորապես մշակույթի նախարար Իսսամ Խալիլին` Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար՝ ընդգծելով Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ մարտի 17-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ հրավիրելու փաստը: Նշելով, որ հայ-սիրիական պատմամշակութային հարաբերություններն իրենց արմատներով դարերի խորքն են գնում, Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ մասնավորապես Հայոց ցեղասպանության ժամանակ արաբ ժողովուրդն անգնահատելի օգնություն է ցուցաբերել բռնի տեղահանված հայ գաղթականներին: Անդրադարձ է կատարվել Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի հետևանքով 2012թ. Հայաստան ներգաղթած մոտ տասներեք հազար սիրահայերի խնդիրներին:  Հասմիկ Պողսյանը Սիրիայի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում 1968թ. գործում է արևելագիտության ֆակուլտետը, որի կազմում է արաբագիտության ամբիոնը: Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարարն արաբ գործընկերոջը նվիրել է Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանների մասին ժողովածու և հայկական ժայռապատկերների հազարամյա պատմությունը խորհրդանող հուշանվեր։

Նմանատիպ նյութեր