211652_close_icon
views-count1759 դիտում article-date 20:59 17-07-2015

Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ արտգործնախարարին

Հուլիսի 17-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն առաքելության իրականացման ընթացքում՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Քիեսլերն իր գործունեությամբ կնպաստի հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը վստահեցրեց, որ իր առավելագույն ջանքերը կներդնի հայ-գերմանական բազմաոլորտ համագործակցության առավել սերտացմանը։ Զրուցակիցները կարևորեցին բարձր մակարդակով փոխայցելությունները, շուրջ 60 երկկողմ փաստաթղթեր ներառող իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցությանը: Կարևորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը: Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հայաստանին անկախությունից ի վեր Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումները, նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ապրիլի 23-ին ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց հաջորդ տարի Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։ Դեսպան Քիեսլերի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, դրա խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Նմանատիպ նյութեր