1325 դիտում
23:21 20-07-2015
Էմին Թորոսյան. «Երրորդ հանրապետության սերունդը երկրի տերն է բառի բուն իմաստով»
Օգոստոսի 17-ին մեկնարկում է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը։ 13-ամյա պատմություն ունեցող այս ծրագիրը շարունակում է պահանջված մնալ երիտասարդների շրջանում։ «Բազեն» նաև երիտասարդների առաջխաղացման, սեփական ուժերը դրսևորելու տեղ է։ Ու պատահական չէ, որ «Բազեի» երբեմնի մասնակիցներին այսօր կարելի տեսնել հավաքի ղեկավար կազմում՝ տնօրեն, գեղարվեստական և մարզական ղեկավարներ։
Էմին Թորոսյանը «Բազե-2015»-ի գեղարվեստական ղեկավարն է։ Հավաքին մասնակցում է կազմավորման առաջին օրից՝ 2002 թվականից, որպես Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ջոկատի ղեկավար։ Մասնակցել է հավաքի կազմկոմիտեի աշխատանքներին, երկու տարի անընդմեջ եղել է ճակատի տնօրենի պաշտոնում։ 2004-ին նրա ղեկավարությամբ կապույտ ճակատը դարձել է հավաքի հաղթող։ 2011-ից արդեն «Բազե» հավաքի գեղարվեստական ղեկավարն է։ Հավաքն Էմին Թորոսյանի կենսագրության մասն է. 13 տարվա պատմության մեջ «Բազե» հավաքն անցկացվել է 15-16 անգամ, որից ընդամենը 2-ին չի մասնակցել, այն էլ՝ հանրապետությունից բացակայելու պատճառով։
Ըստ Էմին Թորոսյանի՝ «Բազեի» գրավչությունն այնտեղ տիրող առողջ մթնոլորտն է։ «Հավաքված է մի սերունդ, որը տվյալ ժամանակաշրջանի տարբեր ոլորտների ակտիվ երիտասարդությունն է։ «Բազեի» մասնակիցներն արդեն իսկ ընտրության փուլը հաղթահարած մարդիկ են, ակտիվ, կարող, ինտելեկտուալ, մշակութային և սպորտային երիտասարդներ, որոնց շփումը հանգեցնում է հետաքրքիր մթնոլորտի։ Այդ երիտասարդներն են, որ նպաստում են հավաքի կայացմանը, և նրանցով է պայմանավորված «Բազեի» բարձր թռիչքը»,- ասում է Էմին Թորոսյանը։
Հավաքի գեղարվեստական ղեկավարն ընդգծում է, որ մերօրյա երիտասարդներն աչքի են ընկնում ստեղծարար մտքերով, հետաքրքիր գաղափարներով. «Կա ընդգծված ես-ով երիտասարդություն։ Կա մի սերունդ՝ երրորդ հանրապետության սերունդը, որը երկրի տերն է բառի բուն իմաստով։ Այդ երիտասարդները՝ երկրի նկատմամբ սեփականատիրոջ զգացումով, հայրենասիրությամբ ու գեղեցիկի դրսևորումներով, կարողանում են լիցքեր հաղորդել և ճիշտ ուղղորդել ոչ միայն իրենց տարեկիցներին, այլև հասարակությանը՝ միաժամանակ լինելով նրա զարկերակը»։
Հիշեցնենք, որ «Բազե-2015»-ը տեղի կունենա օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում։ Կմասնակցի շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, սփյուռքից։ Հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
4851 դիտում
16:03 15-03-2017
Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել, բառի բուն իմաստով, դաշնակցային բնույթ. Վ. Պուտին
818 դիտում
10:11 14-05-2020
Զինվորական մասնագիտություն, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է