18839 դիտում
16:24 28-07-2015
Քանաքեռցի Տույի գործով նոր զարգացումներ կան․ գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւանի բնակիչ Արթուր Ղազարյանի՝ Տույի կողմից ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ա. Ղազարյանին հուլիսի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2015թ. հուլիսի 27-ին որոշում է կայացվել սույն քրեական գործի նյութերով անհայտ անձի կողմից Ա. Ղազարյանին ապօրինի հրազեն ու ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նոր քրեական գործ հարուցելու եւ առանձին վարույթ առանձնացնելու մասին:
Ա. Ղազարյանի մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն:
Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/13/59501/]հայտնել [/url]էր, որ հուլիսի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Երևանի բնակիչ, քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ» մականվամբ 38-ամյա Արթուր Ղազարյանի նկատմամբ:
Դատավոր Գագիկ Խանդանյանը 4 ժամ դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր ավագ քննիչ Վ, Բադալյանի միջնորդությունը և Տույ մականվամբ քրեական հեղինակությունը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, վերցվել էր երկամսյա կալանքի և քիչ առաջ դատարանից տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի