211652_close_icon
views-count3272 դիտում article-date 15:41 30-07-2015

Կառավարության որոշմամբ ստուգումների թիվը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստից առաջ վարչապետի հանձնարարությամբ հաղորդումով հանդես է եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Նա տեղեկացրել է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է եւ առաջիկա 1-2 օրերի ընթացքում կվճարվեն : Որևէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա: Կառավարությունը, հաստատելով օրակարգը, ձեռնամուխ է եղել մյուս հարցերի քննարկմանը: ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը: Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները և արդյունքում ձևավորվել է որոշման նախագիծ, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ընդունված որոշմամբ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների ստուգումների: Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթրի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին առաջադրվող խնդիրների քանակը: Եթե այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ, ապա այս որոշմամբ մինչև տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը: Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ՝ ավտոգազալցակայանները և այլն: Ընդ որում թյուրիմացություններից և տարամեկնաբանություններից խուսափելու համար այն ստուգաթեթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբի մոտ, կցվելու են այս որոշմանը որպես հավելված: Փաստորեն, տոկոսային հարաբերությամբ, կիրառվելու է ստուգաթերթերի ընդամենը 10 տոկոսը բարձր ռիսկային խմբում, բայց ստուգաթերթերի տոկոսը դեռևս խոսուն չէ: Իրականում, սրանով կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը: Ստուգում կարող է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմել են տնտեսվարող սուբյեկտները: Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում և դպրոցներում՝ երեխաների անվտանգ և որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով կամ այն ժամանակ, երբ կասեցված հատվածում կարող են հայտնվել այնպիսի դեպքեր, որոնք էական վտանգ են սպառնում հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին, կյանքին և առողջությանը: Նման դեպքերում համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը, հիմնավորումները պետք է պարունակեն ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և ռիսկի գործոնները, առկա իրավիճակի նկարագիրը, ստուգում չիրականացնելու հնարավոր վտանգները և ստուգման իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները: Այդ բոլոր հիմնավորումները ներկայացվելու են ՀՀ վարչապետին, որի գրավոր համաձայնության դեպքում միայն թույլատրվելու է համապատասխան ստուգումը: Որպեսզի ապահովվեն գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը և թափանցիկությունը, հիմնավորումները և համաձայնությունը կամ մերժումը տեղադրվելու են կառավարության ինտերնետային կայքում: Այնուհետև զեկուցող Դավիթ Հարությունյանը հավելել է. «Հաջորդ սկզբունքային առաջարկությունը կապված է վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի հիման վրա վարույթի ընթացքում կիրառվող այցերի հետ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ մենք դա անվանվում ենք թեժ գիծ կամ նման մի բան, սկսվում է վարչական վարույթ, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների մոտ սկսվում են այցերը: Դրանք մեծ մասամբ վերածվում են լայնամասշտաբ ստուգումների՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Հաշվի առնելով, որ պարոն վարչապետը համարում է դա շատ արատավոր մոտեցում, առաջարկվում է բոլոր այն դեպքերում, երբ վարչական վարույթի ընթացքում անհրաժեշտություն կա այցելելու տնտեսվարող սուբյեկտին, այդ դեպքերում պետք է ապահովենք ոչ միայն օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, այլև ինքնին այդ այցելությունը պետք է նույնպես համաձայնեցվի վերը նշված կարգով: Այսինքն, պետք է տեսչական մարմինները դիմեն, հիմնավորեն և ստանան վարչապետի համաձայնությունը: Այսպիսով կարելի է ասել, որ որոշման ընդունմամբ էականորեն կնվազի տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումների քանակը և որոշ դեպքերում, ինչու ոչ, նաև անհարկի միջամտությունը նրանց բնականոն գործունեությանը»: Հարցի քննարկումն ամփոփել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ես կարծում եմ, որ այս որոշման ընդունումը շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ խստագույնս հետևել օրենքի տառին և այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից: Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին. կարևորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը՝ ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսևորող հարկ վճարողների նկատմամբ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին՝ վերանայել ռիսկայնության չափանիշները՝ նպատակ հետապնդելով նվազեցնելու ստուգումների քանակը: Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ լինել բարեխիղճ, չխուսափել հարկերը ճիշտ և ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները: Դա շատ կարևոր քայլ է, և մեր տարածաշրջանի այսօրվա տնտեսական այս իրավիճակում և ընդհանրապես աշխարհում ընթացող այս խնդիրների համատեքստում սա մի քայլ է, որով մենք կաջակցենք մեր տնտեսության ակտիվացմանը»: Որոշմամբ սահմանվել է, որ 2015թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացի վերը նշված դեպքերի, կասեցվում են: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշումը:

Նմանատիպ նյութեր