211652_close_icon
views-count1044 դիտում article-date 21:18 27-08-2015

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Օգոստոսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հիմնադրամի` ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երևանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ տիկին Ռադոչայը հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել, ինչը կնպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանց առողջապահական պայմանների ու կրթության մակարդակի բարելավմանը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ԱԳՆ պատրաստակամությունը` սերտորեն համագործակցելու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում եւ խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել Տանյա Ռադոչային իր գործունեության ընթացքում: Մտքեր փոխանակվեցին նաև Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր