1571 դիտում
12:04 28-08-2015
«Գյոնդը», «Վերվերին», «Քոչարին», «Յարխուշտան» թևածեցին Գավառում. լուսանկարներ
«Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախաձեռնությամբ հայկական ազգային երգ ու պարի դասընթացներ են անցկացվում մարզերում։ Օգոստոսի 27-ին Գավառի կենտրոնական հրապարակում պատանիների, երիտասարդների, ինչպես նաև Գավառի մանկատան սաների համար բաց դաս անցկացրեց «Կարին» ավանդական երգի և պարի համույթը։ Մարզերում նման միջոցառումներ «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանը տեղեկացրեց, որ «Կարին» համույթի հետ արդեն իսկ եղել են Գյումրիում, Եղեգնաձորում, առաջիկայում սպասվում են այցելություններ այլ մարզեր։ Նշենք, որ ՀԿ-ն հայկական պարեր ուսուցանել է նաև Լիսաբոնում՝ ներգրավելով հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև` այլազգիների։
Նարինե Դելլալյանը, խոսելով մարզային այցելությունների մասին, նկատում է, որ նման ծրագրերի անհրաժեշտությունը կա։ Համայնքներում մեծ ոգևորությամբ են մասնակցում իրենց կազմակերպած միջոցառումներին՝ կրկնապատկելով, եռապատկելով ազգային երգ ու պար սովորելու ցանկություն ունեցող երեխաների ու երիտասարդների քանակը։ Նարինե Դելլալյանը նկատում է, որ ծրագրի շրջանակներում համագործակցություն է ձևավորվել նախագահական դրամաշնորհ ստացած ՀԿ-ների միջև։ Մասնավորապես, «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն մարզերում դասընթացներ կազմակերպում է ՀՀ Նախագահի աշխատակազմից դրամաշնորհ ստացած և մարզային համայնքներում գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների աջակցությամբ։
«Կարին» ավանդական երգի և պարի համույթի անդամները ներկաներին սովորեցրին «Գյոնդ» («Գյովընդ»), «Վերվերի», «Քոչարի», «Յարխուշտա» և այլ պարեր։ Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը ներկայացնում էր նաև պարերի խորհուրդը, ծագումնաբանությունը։ Գագիկ Գինոսյանը, խոսելով մարզային դասընթացների մասին, նշում է, որ այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ տիրապետում են ազգային պարերին, լսելով իրենց այցելությունների մասին, առաջինն են գալիս։ Սակայն նրանց են միանում նաև այլ մարդիկ։ Օգնում են տեղի հասարակական կազմակերպությունները, որպեսզի միջոցառումներն ավելի բազմամարդ լինեն։ Պարոն Գինոսյանն ընդգծում է, որ մասնակիցների թվում հատկապես շատ են դպրոցականները, ինչը ոգևորող է, քանի որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ՀՀ շուրջ 100 դպրոցում, որից 50-ը՝ մարզերում, ազգային երգ ու պար առարկան կներմուծվի կրթական համակարգ և կուսուցանվի դպրոցներում։ Գագիկ Գինոսյանը կոչ արեց ներկաներին միշտ հավատարիմ մնալ ակունքներին, ապավինել սեփական գենին. «Մենք պարտվում ենք ոչ թվաքանակի պատճառով։ Մենք պարտվում ենք, երբ սկսում ենք հաշվել։ Սրանք Նժդեհի խոսքերն են։ Եթե մենք ապավինենք մեր ոգուն, մեզ հաղթող չի լինի, ոչ մի հզոր ազգ։ Մենք անպարտելի ենք, քանի դեռ վստահում ենք մեր տեսակին, մեր գեներին ու ոգուն»։
Միջոցառման ընթացքում կազմակերպիչները ներկաներին բաժանեցին ազգային երգն ու պարը դասավանդելու համար թողարկված տեսա և ձայնասկավառակներ։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
2386 դիտում
10:23 23-01-2019
Քոչարին ճանաչվել է Նախիջևանի ազգային խմբակային պար՝ «յալլը»․ «Ժողովուրդ»
3444 դիտում
13:56 28-04-2019
Տեղի կունենա «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը. այս տարի ընտրվել է Կարնո Քոչարին
Այս բաժնից
490 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
568 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
514 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա