211652_close_icon
views-count1317 դիտում article-date 13:43 01-09-2015

Քննարկումների գնացած քաղաքական ուժերին «հաճախորդ» անվանելը սեփական անզորության պոռթկում է. Հ. Նաղդալյան

Օգոստոսի վերջին սահմանադրական բարեփոխումների քննարկման համար վերստին նախագահականում էին մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ՝ թե իշխանական, թե ոչիշխանական դաշտից: Փաստի գնահատականը լրատվամիջոցներում հակասական էր՝ ՀՀ նախագահի հրավերն ընդունած քաղաքական ուժերին անվանում էին և կառուցողական, և «հաճախորդ»: Իրատես դե ֆակտո-ին տրված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նույնպես գնահատել է Սահմանադրական բարեփոխումների առիթով սկսված խորհրդակցությունների 2-րդ փուլը: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. [b]-Ինչի՞ է հանգեցնելու սկսված գործընթացը: [/b] -Գործընթացը հանգեցնելու է սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեին, որը և տրամաբանական ավարտն է: Ես չեմ ուզում համեմատել, թե ո՞ր փուլն է ավելի կարևոր՝ հիմա՞, երբ նախագիծը քննարկվում է քաղաքական ուժերի հետ, թե՞ հանրաքվեն, երբ հասարակությունը պիտի իր գնահատականը տա: Կարծում եմ՝ Սահմանադրությանը վերաբերող բոլոր հարցերն ու փուլերն են կարևոր, որովհետև երկրի Հիմնական օրենքին է համապատասխանեցվում ամբողջ օրենսդրական դաշտը: Առավել ևս այս դեպքում, երբ մենք կառավարման համակարգի փոփոխության հարց ենք հանրաքվեի դնում, այսինքն՝ համակարգային փոփոխության, որ առնչվելու է բոլորիս ու յուրաքանչյուրիս: Այս փուլում արդեն ուրվագծվել են երեք հիմնական իրողություններ: Առաջին՝ ամբողջ քաղաքական դաշտը, հակառակ որոշ քաղաքական ուժերի հայտարարությունների, ներգրավված է սահմանադրական բարեփոխումների գործընթացում: Երկրորդ՝ ակնհայտ է, որ կա քաղաքական ուժերի համախմբում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցում: Եթե համեմատում ենք նախագահի հետ հանդիպումների առաջին և երկրորդ ռաունդները, կան էական տարբերություններ, տեսակետները հիմա արդեն որոշակիացել են, թեական, կամ/կամ-ով, եթե/ապա-ով դիրքորոշումներ գրեթե չկան: Կան առաջարկներ, որոնք ընդունվում կամ չեն ընդունվում, եթե հակասում են սահմանադրական բարեփոխումների ոգուն ու նպատակներին: Այդ համապատկերում նախագահական քննարկումների գնացած քաղաքական ուժերին «հաճախորդ» անվանելը սեփական անզորության պոռթկում է, երբ տեսնում ես, որ ուրիշներն անում են այն, ինչ դու անել չես կարողանում կամ չես ցանկանում: [b]-Նախագահի հետ հանդիպումների առաջին ռաունդի համեմատ կորուստներ էլ եղան, դա չի՞ հակասում համախմբումին, երբ ձևավորվում է «ոչ»-ի ճակատ: [/b] -Նկատի ունեք «Ժառանգությա՞նը»: Դժվար է այսօր հստակ որակել «Ժառանգության» դիրքորոշումը: Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, մյուսները միմյանցից տարբեր տեսակետներ ունեն: Բոլոր դեպքերում՝ եթե «Ժառանգությունը» նախագահական չգնաց, համարենք, որ դեմ է, բայց նույն «Ժառանգությունը» խորհրդարանում մասնակցեց սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը: Հավելենք, որ դեմ է ՀԱԿ-ը: ՈՒրիշ ո՞վ կա «Ոչ»-ի ճակատում: Ինչ էլ ճակատ է: Իսկ եթե հարցին ավելի խորքով ենք նայում, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ են ոչ թե սահմանադրական բարեփոխումների նախագծին, նրանք դեմ են իշխանությանը: Այսինքն՝ նրանց վարած քաղաքականության տրամաբանությունից բխում է, որ այն ամենը, ինչ ասում է իշխանությունը, սխալ է ու պետք է մերժել և նախագիծը գործնականում կապ չունի նրանց տեսակետի հետ, կամ այլ կերպ ասած՝ դա կարծիք է օրվա իշխանության, ոչ թե Սահմանադրության նախագծի մասին: Առավել ևս, որ «Ժառանգությունը» իր նախընտրական ծրագրում խորհրդարանական կառավարման ու հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից էր ներկայանում: Եվ հիմա իսկապես դժվար է հասկանալ, թե ինչու է կուսակցությունը դեմ իր ծրագրի կատարմանը: [b]-Ա՞յդ պատճառով ԲՀԿ-ն տրամագծորեն փոխեց դիրքորոշումը: [/b] -Յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր տեսակետները ճշտելու և ստեղծված պայմաններին համահունչ դարձնելու հարցում: Ինչո՞ւ եք առանձնացնում միայն ԲՀԿ-ի տրանսֆորմացիան, որն ունի նաև իր պատճառներն ու հիմնավորումները: [b]-Ձեր գնահատականով՝ ո՞ւմ է հաղթել ՀՅԴ-ն, որ բարեփոխումների նախագիծը ներկայացնում է որպես սեփական մեծ հաղթանակ: [/b] -Մեծ հաղթանակը կարող է լինել միայն հանրաքվեից հետո, եթե հասարակությունը «այո» ասի նախագծին, համակարգը սկսի աշխատել և արդյունքներ տա: Մինչ այդ հաղթանակի մասին խոսելը, թերևս, վաղ է: Իսկ թե ո՞ւմ է հաղթել ՀՅԴ-ն, ճիշտ կլինի հարցնել ՀՅԴ-ականներին: Համենայն դեպս, ՀՀԿ-ն չի պարտվել: Հաղթել-պարտվելու հարթության մեջ չէ հարցը, հարցը վերաբերում է ոչ թե առանձին կուսակցությունների, այլ ամբողջ պետությանը, և այս դեպքում հաղթել-պարտվելու հարցը նվազագույնը անլուրջ է: [b]-Չե՞ք կարծում, որ հասարակության կյանքում կան շատ ավելի իրական մարտահրավերներ ու առաջին անհրաժեշտության լուծում պահանջող հարցեր, քան Հիմնական օրենքի փոփոխությունն է: Նկատի ունեմ՝ տնտեսական, սոցիալական, ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրները: [/b] -Ձեր և Ձեզ նման մտածողների պատկերացումները պետության կառավարման մասին հնացել են: Դուք կարծում եք, որ պետությունը առանձին-առանձի՞ն է լուծում սոցիալական, տնտեսական, ազգային անվտանգության և օրենսդրական խնդիրները: Պետությունը միասնական համակարգ է, որը կարող է և պետք է ավելի կատարյալ դառնա ու ավելի արդյունավետ գործի: Հիմա ասենք, ոչ, այսպես չի կարելի, նախ աշխատատեղեր ստեղծենք, հետո՞ պետական կառավարման համակարգ փոխենք, թե՞ հարցերի համաժամանակյա լուծման ճանապարհով գնանք: Ո՞րն է ավելի արդյունավետ պետության համար: Համոզված եմ՝ երկրորդ ճանապարհը: ՀՀ նախագահը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հիմնավորումները ներկայացրել է, մենք ունենք Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, հավելենք, որ այս տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցող որևէ կարևոր քաղաքական իրադարձության ժամանակ մենք չենք ունեցել նման ամուր աջակցություն և ընկալում, և նման գնահատականներ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպես հիմա: Մենք ունենք քաղաքական ուժերի համախմբում՝ առաջ գնալու և պետության զարգացման ճանապարհին հերթական քայլն անելու համար: Իսկ նրանք, ովքեր իշխանության դեմ պայքարը զուգակցում են Սահմանադրության դեմ պայքարին, ավելի խելամիտ կլիներ՝ ընտրությունների ժամանակ իրենց ուժերը փորձեին, ոչ թե իրենց անհաջողությունների թիվը ավելացնեին:

Նմանատիպ նյութեր