90602 դիտում
10:00 15-09-2015
Ինչպես Արսեն Արշակյանը կոշկակարից դարձավ Երեւանի ՃՈ պետ, ինչով էր հայտնի աղջիկների շրջանում եւ ինչպես ընտրեց իր կնոջը, ով է նվիրել բրենդային կոստյումը եւ ավելին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ներկայում՝ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ անկեղծ զրույցում թերթելով հուշերը՝ վերհիշում է, թե Երեւանի որ հայտնի եւ արկածային բակում է մեծացել, ծնողներից ստացած որ խորհրդով է առաջնորդվել, մանկությունից ստացած ինչ սպիեր ունի, որոնք հիշեցնում են իր արկածների մասին, ինչ քրեական հեղինակություններ է տվել իրենց բակը, ինչպես է վերաբերվում նրանց, ինչու է իր առաջին աշխատանքը սկսել կոշկակարությունից, ինպես է սիրած աղջիկը ճանապարհել բանակ, ինչով էր աչքի ընկնում աղջիկների շրջանում, նույն դասարանում կնոջ հետ սովորելով հանդերձ՝ ինչպես նրան նիհարելուց հետո նկատեց եւ սեր խոստովանեց, ինչու է որդուն իր անունով կոչել, ով է նվիրել բրենդային կոստյումը, որն էր նրա առաջին ավտոմեքենան, հիմա ինչ ավտոմեքենա է վարում, որն է նրա ամենասիրած երգը եւ ովքեր են հայտնի սանիկները, ինչ կփոխեր իր կյանքում, եթե դառնար 20 տարեկան, ինչու է կարծում, որ 50 տարեկանից հետո են լավագույն տարիները սկսվելու եւ ավելին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ Ա. Արշակյանի զրույցը ներկայացնում ենք ստորեւ․
[b]-Պարոն Արշակյան, հաճա՞խ եք լինում Ձեր մանկության բակում։ Երեւանի ո՞ր բակում եք մեծացել, ինչպիսի՞ ընտանիքում, ո՞րն է ծնողներից ստացած ամենատպավորված խորհուրդը։[/b]
-Հայրս 40 տարվա իրավաբան է, մայրս՝ մանկավարժ եւ այս տարի անցավ կենսաթոշակի։ Մենք ընտանիքում չորս եղբայր ենք։ Մեր ծնողները մեզ մեծացրել են այն հոգեբանությամբ, որ պետք է ապրել այնպես, որ ծանոթներդ երբեք չփոշմանեն, որ քեզ ճանաչել են։ Շատ հաճախ եմ հուշերի միջոցով մանկություն վերադառնում։ Մինչեւ այսօր էլ ընկերություն եմ անում իմ մանկության ընկերների հետ, որոնց հետ մեր ընկերությունը սկսվել է մոտ 4-5 տարեկանից։ Ծնվել եւ մեծացել եմ Երվանդ Քոչար փողոցում։ Այն հայտնի էր «Կրիվոյ թաղամաս» անվամբ։ Երեւան քաղաքում բավականին աշխույժ թաղամաս էր՝ անակնկալներով եւ տարբեր տեսակի երեւույթներով, բայց դե կարողացանք մեզ ավելի զգոն պահել։
[b]-Մանկությունից մնացած սպիեր ունե՞ք, որ հաճախ հիշեցնում են Ձեր արկածախնդրության մասին։ Յուրաքանչյուր բակ ունի իր չգրված օրենքները։ Ինչո՞վ էր տարբերվում նախկին բակերում մեծացող երիտասարդության արժեհամակարգը այսօրվա երիտասարդությունից։[/b]
-Օրինակ, մեր բակի աղջիկներից որեւէ մեկին նեղացնելու իրավունք չկար։ Եթե մեկը աղջիկներից մեկին էլ հավանել էր, մինչեւ այդ աղջկա հայրը կամ եղբայրը այդ մասին տեղյակ չլիներ, այդ տղան մեր բակ մտնելու իրավունք չուներ։ Մեր բակի աղջիկները մեր հարազատներն էին։ Հիմա այդ առումով արժեհամակարգը փոխվել է։ Ավելին՝ մեր բակի ավագների խոսքին հարգանքով էինք վերաբերվում։ Նրանց խոսքը մեզ համար անմիջապես աֆորիզմ էր դառնում։ Ինչ վերաբերվում է սպիերին, ոտքիս վրա մի մեծ սպի ունեմ։ Ավտոտնակի վրա վազելուց վայր ընկա ու ամեն անգամ ոտքիս այդ հատվածին նայելիս հիշում եմ այդ օրը։ Այդ ավտոտնակի մոտ թթի ծառ կար եւ գնում էինք թութ ուտելու, բայց փորձում էինք այնպես անել, որ տերը չնկատի։ Մեզ թվում էր, երբ իմանա, մեզ կպատժի։ Մի անգամ, երբ նկատեցի, որ տանից դուրս է գալիս տերը, ավտոտնակի տանիքից այնպես թռա ներքեւ, որ ոտքս շատ լուրջ վնասեցի։ Բայց հետո պարզվեց, որ տերը ամենեւին էլ դեմ չէր, որ իր թթի ծառից օգտվում ենք։ Բայց այսօր մեր նախկին բակում ոչ այդ ավտոտնակը կա, ոչ թթի ծառը։ Միայն սպին եւ հիշողությունը մնացին։
[b]-Նշեցիք, որ ակտիվ բակում եք մեծացել: Համոզված եմ, որ այդ բակը քրեական հեղինակություններ էլ է տվել։ Բայց Ձեր եւ նրանց ճանապարհները տարբեր բեւեռներով են ընթացել։ Նրանց հետ կապը պահո՞ւմ եք, երբեւէ ինչ-որ հարցով դիմե՞լ են Ձեզ, թե՞ ոչ։
[/b]
-Բնականաբար, մեր բակի տղաներից քրեական հեղինակություններ էլ կան։ Այդ տղաներից մի քանիսը մահացել են։ Իսկ մնացածը հանրապետությունում չեն ապրում։ Երկար տարիներ չեմ տեսել։
[b]-Իսկ Դուք մականուն ունեցե՞լ եք։
[/b]
-Բացարձակ։ Զարմանալի է, Կրիվոյում ծնվել, մեծանալ եւ մականուն չունենալ... բայց ես չեմ ունեցել։ Այնպես չի եղել, որ փորձել են «կպցնել», ես չեմ թողել։
[b]-Իսկ ի՞նչ աշխատանքով վաստակեցիք Ձեր առաջին գումարը, ո՞ր տարիքում եւ ի՞նչ գնեցիք։
[/b]
-Դպրոցն ավարտելուց հետո հորս հարցրեցի՝ կարո՞ղ եմ գնալ մի 10 օրով Օդեսայում հանգստանամ։ Թույլ տվեց, գնացի Օդեսա եւ մոռացա, որ պետք է վերադառնամ։ Քառասունհինգ օր հետո նոր վերադարձա։ Արդեն ընդունելության քննություններն էլ էին ավարտվել։ Գնացի աշխատանքի ընդունվելու Մասիսի կոշիկի արտադրամասում՝ որպես կոշկակար։ Ինքս եմ նախընտրել։ Դա այդ տարիներին լավագույն կոշիկի արտադրամասն էր։ Գլխավոր տնօրենը հորս մոտ ընկերն էր։ Գնացի, ասացի՝ եկել եմ, որ աշխատեմ: Ասաց՝ հասկանո՞ւմ ես գործից, ասացի՝ բացարձակ ոչ: Եկել եմ բանվորություն անեմ։ Տեղից վեր կացավ, եկավ, ինձ գրկեց, ասաց՝ ապրե՛ս, տղաս։ Սկսեցի կոշկակարություն անել։ 7 ամսվա ընթացքում բոլոր տեխնիկաներին սկսեցի տիրապետել, ինչի արդյունքում երջանկահիշատակ Ռուդոլֆ Սուրենիչի հրամանով նշանակվեցի վարպետ-բրիգադավար։ Ես ունեի մոտ 35 աշխատող։ Առաջին աշխատավարձովս եղբորս աղջկա համար, ով ընտանիքի առաջին թոռնիկն էր, հեծանիվ գնեցի եւ խանութից երշիկ, կարագ եւ այլ սննդամթերք գնեցի։ Բնականաբար, տանը կար, բայց ես ուզեցի իմ աշխատավարձով այդ ամենը գնել։
[b]-Բանակի ալբոմը հաճա՞խ եք թերթում։ Որտե՞ղ եք ծառայել, բանակից մնացած սպիեր ունե՞ք, թե՞ ոչ։
[/b]
-Բանակից մարմնիս վրա սպիեր չկան, բայց շատ սպիոտ հիշողություններ կան, քանի որ ծառայել եմ Արցախյան պատերազմի տարիներին։ 1993թ-ին շատ լարված տարիներ էին։ Ես անմիջապես զորակոչվեցի Դավիթաշենի Ներքին Զորքերի զորամաս։ Հետո տեղափոխվեցի Ներքին զորքերի թիկունք, որը Երրորդ մասում էր գտնվում։ Այնտեղ զորամասը զբաղվում էր սահմանամերձ գոտում կռվող տղաներին սնունդ եւ կենցաղային իրեր մատակարարելով։ Այսինքն՝ այդ ամենը ավտոմատներով զինված տեղափոխում էինք նրանց մոտ։ Մեզ առաջին գիծ թույլ չէին տալիս գնալ։ Մենք վտանգավոր իրավիճակներում չենք հայտնվել, բայց շատ կորուստների ականատես եղանք։ Ծառայությունը դժվար էր նաեւ այն առումով, որ արդեն ընկերություն էի անում կնոջս հետ։
[b]-Ձեր եւ Ձեր կնոջ հանդիպմանը դեռ կանդրադառնանք։ Իսկ որտե՞ղ եք սովորել։ Եվ ձեր համակուրսեցիների շրջանում միայն դո՞ւք եք հայտնի, թե՞ այլ հայտնի համակուրսեցիներ էլ ունեք։
[/b]
-Ծառայությունից հետո ընդունվեցի գյուղատնտեսական ակադեմիա։ Մեր համակուրսեցիները հիմնականում հայտնի են ճանապարհային ոստիկանության ոլորտում։ Միասին ենք սովորել, բայց ամենաբարձր պաշտոնը այդ ոլորտում իմն է եղել՝ Ճանապարհային ոստիկանության պետ։
[b]-Մեր զրուցակիցներից շատերը հետաքրքիր դրվագներ են պատմել իրենց կնոջ հետ ծանոթանալու պատմություններից, օրինակ, որ ամուսնացել են եղբոր կնոջ քրոջ հետ, կամ փախցրել են սիրած աղջկան, պարզվել է, որ բարեկամ են։ Դուք ինչպե՞ս ծանոթացաք Ձեր կնոջ հետ, ինչպե՞ս նվաճեցիք նրա սիրտը եւ ինչո՞վ նա գրավեց Ձեր ուշադրությունը։
[/b]
-Իմ կինը իմ դասընկերուհին է։ Բայց մինչեւ դպրոցն ավարտելը մենք բացարձակապես միմյանց նկատմամբ որեւէ զգացում չենք ունեցել։ Հակառակը, ես մի փոքր ավելի կոպիտ էի։ Նախ դպրոցում ճանաչված եւ հարգված էի աղջիկների կողմից։ Ես բոլոր աղջիկների նկատմամբ հատկապես՝ դասարանի, խստություն եմ ունեցել։ Նախ՝ պաշտպանել եմ բոլորին եւ նրանք դպրոցի ամենապաշտպանված աղջիկներն էին։ Կինս էլ մյուս աղջիկների նման իմ կողմից պաշտպանված է եղել։ Ինքը մի փոքր ուշ էր եկել մեր դասարան եւ չէր ուզում իմ իշխանությունը ընդունել, բայց դասարանի աղջիկները ասում էին, որ ինքը մեր Արսենն է, եղբայրը եւ պաշտպանը եւ իր ասածով է ամեն բան լինում, հետո՝ համակերպված։ Դպրոցն ավարտելուց հետո ասացի, որ ընդունվեցի կոշիկի արտադրամասում աշխատանքի եւ իրենց տունը մեր աշխատավայրի մոտ էր։ Մի օր պատահաբար հանդիպեցի, բավականին նիհարել եւ գեղեցկացել էր ավելի։ Հետո անընդհատ մտքումս մի ներքին ձայն ասում էր, որ հետաքրքիր հանդիպում էր, կարող է մի բան փոխվի։ Առավոտյան գնացի աշխատավայր: Մտքիցս դուրս չէր գալիս, զանգ տվեցի իրենց տուն եւ առաջարկեցի հանդիպել, քանի որ հավանում եմ։ Սկզբում չվստահեց, քանի որ շատ հաճախ էի ես աղջիկներին հավանում։ Ասաց՝ փորձենք։ Փորձեցինք եւ այդ փորձը դարձավ ճակատագրական՝ սիրեցի եւ սիրվեցի։ Ինքը հոգեբանության ֆակուլտետում էր սովորում։ Իր ձեռքով տարավ զինկոմիսարիատ։ 6 տարի անցավ, մինչեւ ամուսնացանք։ Ծառայությունից վերադարձա 20 տարեկանում, 24 տարեկանում ամուսնացա։ Մինչեւ այդ փորձում էի կայանալ աշխատանքի ասպարեզում։
[b]-Դո՞ւք եք ավելի խիստ ծնող Ձեր երեխաների հանդեպ, թե՞ Ձեր ծնողներն են ձեր հանդեպ ավելի խիստ եղել։ Եվ դպրոցում, եւ շրջապատում Ձեր անվան հանգամանքը փոխո՞ւմ է վերաբերմունքը երեխաների հանդեպ։
[/b]
-Եթե ասեմ՝ չկա նման բան, ճիշտ չի լինի։ Բայց իմ երեխաները ուսաշման մեջ առաջադեմ են։ Բայց, իհարկե, միշտ տնօրենները կամ ուսուցիչները միշտ ասել են, որ՝ հայրիկիդ կբարեւես։ Ես բավականին խիստ ծնող եմ իմ երեխաների հետ, բայց նաեւ ընկերություն եմ անում նրանց հետ։ Մեծ որդիս՝ Իվանը, ում հորս անունն եմ դրել, արդեն ավարտական դասարանում է սովորում։ Երկրորդ որդուս իմ անունով եմ կոչել՝ Արսեն, որը իմ արկածախնդրություններից մեկն է։ Բոլորը տարբեր անուններ էին առաջարկում, բայց ես զանգ տվեցի հորս եւ կնոջս եւ ասացի, որ իմ անունն եմ դնում։ Աղջկաս անունը Ալետա է։ Կինս ասաց՝ կարո՞ղ է իր մոր անունը դնել։ Ասացի՝ բացարձակ խնդիր չունես։ Երեխաների հետ կապված արգելքները հիմնականում ժամային առումով են։ Բայց իրենք գիտեն՝ ինձ ինչ է դուր գալիս եւ ինչը՝ ոչ, եւ այնպիսի բաներ չեն անում, որ ես իրենց նկատողություն անեմ։
-[b]Պարոն Արշակյան, երկար տարիներ եղել եք ճանապարհային ոստիկանության ակունքներում ու ղեկավարել Երեւանի Ճանապարհային ոստիկանությունը։ Բայց վերջին ամիսներին ձեր հմտությունները օգտագործում եք փրկարար ծառայության ոլորտում։ Ինչո՞ւ:[/b]
-Իմ կյանքի շատ երկար տարիներ անցկացրել եմ Ճանապարհային ոստիկանության համակարգում։ 1999թ-ից այդ ոլորտում եմ աշխատել։ Շարքայինից մինչեւ ոստիկանության փոխգնդապետի կոչման եմ արժանացել։ Շարքային տեսուչից բոլոր պաշտոնները զբաղեցնելով` հասել եմ մինչեւ գումարտակի հրամամանատար։ Այսինքն` բոլոր պաշտոններով անցել։ Հիմա փոխել եմ ոլորտս։ Ես ամեն ինչ արել եմ Ճանապարհային ոստիկանության համար։ Բոլորը գիտեն դրա մասին։ Փրկարար ծառայությունը ինձ համար շատ հետաքրքիր ծառայություն է իր բոլոր բարդություններով եւ անակնկալներով եւ նաեւ երախտապարտ՝ աշխատանքով։ Կողքից այդքան տեսանելի չեն այս ծառայության բարդությունները։ Ծառայության ընթացքում են տեսանելի փրկարարների ահռելի աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, ինձ համար միայն ոլորտի փոփոխություն է, որովհետեւ ծառայությունը ինձ համար միշտ էլ ծառայություն է։ Ոստիկանությունը եւս մարդասիրական աշխատանքի մի մաս է կազմում, բայց այս ոլորտը զուտ մարդասիրական աշխատանք է։ Անունն արդեն հուշում է` փրկարար։
[b]-Այսինքն, եթե նախկինում Ձեզանով էին ճանաչում Ձեր երեխաներին, հիմա ցանկանում եք, որ դերերով փոխվեք։
[/b]
-Դա պարզապես գերագույն հաճույք է։ Նույն բանը զգացել է նաեւ հայրս։ Հայրս մի անգամ մի կարեւոր տեղում է եղել։ Հարցրել են՝ դուք Արշակյան Արսենի հա՞յրն եք։ Ինքը իրեն շատ լավ է զգացել։ Դա հիանալի զգացողություն է, երբ արդեն քեզ ճանաչում են քո տղայով։ Դա խոսում է այն մասին, որ տարիներդ անիմաստ չես ապրել։
[b]-Իսկ բրենդամո՞լ եք, թե՞ ոչ։
[/b]
-Ես հագնվել շատ եմ սիրում։ Ամենաթանկ կոստյումս եղբայրս գնեց ԱՄՆ-ում՝ ԶԻԼԻ։ Վերջերս հիմնականում համազգեստ եմ գնում եւ դեռ շատ հագուստներ չեմ հասցրել հագնել։ Մի բան էլ՝ ես հագնվել սիրում եմ, բայց երբեք չեմ կրի մի հագուստ, որ ինձ չսազի, բայց հագնեմ ինչ է, թե բրե՞նդ է ներկայացնում։ Լավագույն բրենդը քեզ սազող հագուստն է։
[b]-Կհիշե՞ք, թե Ձեր առաջին ավտոմեքենան ինչ գումարով եք գնել եւ հիմա ինչ մեքենա եք վարում։ Ավտոտեսուչները ինչպե՞ս են արձագանքում Ձեզ կանգնեցնելիս։
[/b]
-Առաջին մեքենաս եղել է նոր «06»։ Մինչեւ այդ էլ եմ վարել, բայց հորս մեքենան։ Ես եւ կինս գումար էինք հավաքում։ Մի օր հարցրեցի՝ որքան է հավաքվել եւ երբ հասկացա, որ մեքենա գնելու համար բավականացնում է, հենց վաղ առավոտյան գնացի գնելու։ «Արմենիա Լադա» ընկերություն կար Կոմիտասում։ Մեքենայով եկա տուն։ Հայրս պատուհանից տեսավ, ասաց՝ քո՞նն է, դրական պատասխան տվեցի։ Սովորություն կա, չէ՞, որ նոր մեքենայի մեջ բան են դնում։ Կարծեցի, հայրս գումար էր դնելու, ուրախացա, քանի որ ամբողջ խնայած գումարով մեքենա էի գնել։ Բայց հայրս վառելիքի կտրոն տվեց։ Հիմա վարում եմ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա, որը գնել եմ բանկի միջոցով։ Հավատացեք, որ ես խախտումներ չեմ անում։ Պարզապես ամոթ է, տղամարդկություն չէ, խուժանություն եմ համարում։ Ավտոտեսուչները կամ իմ ընկերներն են կամ էլ իմ ենթականերն են եղել։ Հետո մենք պետք է օրենքի առաջին օրինակը լինենք։
[b]-Ասացիք, որ կերուխումներ, երգեր սիրում եք: Ո՞րն է Ձեր ամենասիրած երգը, որ հաճախ պատվիրում եք։
[/b]
-Ես աշուղական երգերը շատ-շատ եմ սիրում՝ Աշուղ Շահենի երգերը։ Էստրադային աստղերի երգերից էլ եմ շատ սիրում։ Վերջերս շատ եմ լսում Ձախ Հարութի եւ Արմենչիկի «Անցիր, այ գետակ» երգը։ Ես երգիչների, երաժիշտների շրջանում էլ շատ ընկերներ ունեմ։ Գիտե՞ք, որ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն էլ իմ սանիկներն են։ Ինքս երաժշտական կրթություն ունեմ՝ դաշնամուրի բաժինն եմ ավարտել։ Արվեստը, երաժշտությունը իմ կյանքում շատ մեծ դեր ունի։ Իմ ընտանիքի հետ ամիսը մեկ կամ երկու անգամ գնում ենք թանգարան, արվեստանոցներ, սիմֆոնիկ նվագախմբի համերգներին։ Հիմա ես իմ հանգստությունը նման տեղերում եմ գտնում։ Ինձ ռեստորանների տաշի-տուշիներից ավելի հետ եմ մղում։ Ամսվա մեջ մեկ կամ երկու միջոցառման՝ կնունք, ծնունդ, որ մասնակցեմ, երրորդն արդեն տհաճ է։
[b]-Հայտնի երգում ափսոսանք է հայտնվում, որ էլ չենք լինի 20 տարեկան: Ի՞նչ թողեցիք այդ տարիներում եւ ի՞նչ կփոխեիք, իսկ մեկ այլ հայտնի երգում ասվում է, որ 50-ից առաջ ավելի լավ էր, քան հետո: Վախենո՞ւմ եք մոտենալ 50 տարեկանի սահմանին, թե՞ ոչ։
[/b]
-Անցյալում շատ բան եմ թողել, հատկապես իմ աշխույժ բնավորության պատճառով՝ ընկերական շրջապատ, քեֆ անել, երգել, պարել։ Հիմա ավելի շատ զսպվածություն եմ ցուցաբերում՝ այդ ամենը թողնելով հուշերում։ Այս տարի ծննդյանս 40-ամյակը լրացավ, բայց 50-ին մոտենալուց չեմ վախենում։ Հիշում եմ՝ հայրս ծանոթներից մեկի 50-ամյակին կենացը խմելուց ասաց՝ ես քեզ շնորհավորում եմ, դու նոր մտար կյանք։ Այսինքն՝ ես դեռ 10 տարի ունեմ կյանք մտնելու համար։
[b]-Շնորհակալություն՝ անկեղծ զրույցի համար։ Ցանկանում ենք, որ 50-ից հետո Ձեր հիշողություններն ավելի վառ, ուրախ եւ շատ լինեն, քան մինչեւ այդ, եւ Ձեզ սկսեն ճանաչել Ձեր զավակներով։
[/b]
-Ես էլ եմ շնորհակալ՝ հիշողություններս եւս մեկ անգամ թերթելու հնարավորություն տալու համար։
[b]Զրուցեց ՏԱԹԵՒ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան