211652_close_icon
views-count1477 դիտում article-date 14:02 18-09-2015

Կորյուն Նահապետյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարությունյանը եւ ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի կովկասյան բյուրոյի աշխատակից Մարտին Շուստերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հայ-ադրբեջանական սահմանում եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում վերջին միջադեպերին վերաբերող հարցեր: Մարսել Պեշկոն կիսել է հայկական կողմի մտահոգությունները եւ ընդգծել ԵԱՀԿ պատրաստակամությունը՝ առավել մեծ ներդրում ունենալու բանակցային գործընթացում: Նա վստահեցրել է, որ 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ժամանակ ԼՂ հիմնահարցը կլինի օրակարգային կարեւոր թեմաներից մեկը: Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դերը ՀՀ-ում զինված ուժերի եւ ոստիկանական համակարգի բարեփոխումներին, Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներում աջակցության հարցում եւ ԵԱՀԿ-ի կողմից առաջնահերթություններ սահմանած այլ ոլորտներում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը Ազգային ժողովի եւ հանձնաժողովի միջեւ: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին եւ դրանով պայմանավորված հետագա զարգացումներին:

Նմանատիպ նյութեր