211652_close_icon
views-count1309 դիտում article-date 18:18 18-09-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի գործընկերոջ հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեի հետ, ով Երևան է այցելել` մասնակցելու սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին ու «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում քույր և գործընկեր քաղաքների հետ: Տարոն Մարգարյանը նկատել է, որ Քիշնևի գործընկերոջ այցը նաև հրաշալի առիթ է՝ երկու քույր քաղաքների միջև գործընկերային կապերն ընդլայնելու համար: «Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար: Մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք նաև աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, ինչը կնպաստի քաղաքների միջև կապերի էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Վստահ եմ՝ Երևանը և Քիշնևը նույնպես համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեն իր հերթին կարևորելով երկու քաղաքների միջև փոխշահավետ գործակցության ծավալումը՝ ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկու քաղաքների փոխգործակցությունն ավելի սերտ ու գործնական դառնա: «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը՝ երկուստեք գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հատկապես քաղաքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումներ, ինչը, վստահ եմ, համատեղ աշխատանքի արդյունքում մենք կգտնենք»,- նշել է Դոորին Կիրտոակեն: Հանդիպման ավարտին Տարոն Մարգարյանը Քիշնևի գործընկերոջը հրավիրել է հնարավորության դեպքում հոկտեմբերին կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: Օգտվելով առիթից՝ Դոորին Կիրտոակեն իր հերթին հրավիրել է Երևանի քաղաքապետին պաշտոնական այցով հյուրընկալվել Քիշնևում:

Նմանատիպ նյութեր