211652_close_icon
views-count3131 դիտում article-date 21:28 18-09-2015

Իտալական «Colle Doro» ընկերության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները

Իտալական «Colle Doro» ընկերության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Colle Doro» ընկերության պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է պտուղ-բանջարեղենի արտադրության մեջ և հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղություններից է, և վերջին տարիներին ոլորտում գրանցվում է կայուն առաջընթաց: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են գյուղատնտեսական մթերքների արտադրության համար` կարծում եմ, որ ներդրումային տեսակետից մեր երկիրը բավականին հետաքրքրական կարող է լինել, քանի որ գյուղատնտեսության ոլորտը ազատված է հարկերից», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Ներդրումների իրականացման առումով առավել նպատակահարմար ճյուղերի թվում, նախարարը, մասնավորապես, մատնանշել է ջերմոցային տնտեսությունների ստեղծման, պտղատու այգիների հիմնման, նոր գինեգործական ընկերությունների ստեղծման հնարավորությունը: Նախարարը կարևորել է նաև անասնապահության ոլորտը` որպես ներդրումային կարևոր ուղղություն, որի զարգացումը թույլ կտա ոչ միայն ավելացնել մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալները, այլև ընդլայնել պանրի արտադրանքի տեսականին: Ընդգծելով, որ հայկական պանիրը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան, հատկապես ռուսաստանյան շուկայում` նախարարը հավելել է, որ այս ոլորտում ներդրումների իրականացումը կնպաստի արտադրատեսակի արտահանման ծավալների աճին: Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտով և ներկայումս ուսումնասիրում են ներդրումային առումով առավել հեռանկարային ուղղությունները: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել իտալացի գործարարներին Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր