211652_close_icon
views-count10974 դիտում article-date 19:00 19-09-2015

Ամենատես աչք ունի յուրաքանչյուր առողջ մարդ

Ամենատես աչքը տարբեր գրվածքներում ու ծիսակարգերում, ինչպես նաև դրանց անդրադարձող ֆիլմերում (օրինակ՝ «Մատանիների տիրակալը», «Սառա Քրոուֆորդ», «Դա Վինչիի կոդը» և այլն) ներկայացվում է իբրև մոգական ամենակարող ուժի աղբյուր կամ խորհրդանիշ: Այն մասոնական գլխավոր խորհրդանիշներից մեկն է, որն, ինչպես և մասոնությունն ընդհանրապես, խորհրդավորության ծանր քողի տակ է: Մի ժամանակ կարծում էին, թե Ամենատես աչքի մասին առասպելները նպատակ ունեն սարսափ տարածելու, թե մասոնները ամեն ինչ տեսնում են, ամեն ինչից տեղյակ են: Իսկ մասոնների հետ երբևէ առնչություն ունեցողները ասում էին, թե դա ընդամենը մասոնների ծեսերից մեկի խորհրդանիշներից է: Այդ ծեսի ժամանակ նորընծան պատմում է իր կյանքն ամբողջությամբ, առանց որևէ մանրամասն բաց թողնելու, իսկ հետո՝ պարտավորվում է իր օթյակակիցներին պատմել իր կյանքի, գործերի, ձեռքբերումների, դժվարությունների, ամեն ինչի մասին: Այսպիսով, բազմաթիվ տեղեկությունների և տեղեկատվական հոսքերի արդյունքում ձևավորվել է Ամենատես աչքը: Եվ իրոք, մի ժամանակ, երբ ռադիո, հեռախոս, թերթ, հեռուստատեսություն ու համացանց չկային, մասոններն ամենատեղեկացված էին և մեծ ուժ ունեին: Ներկայում տեղեկատվության հասանելիությունը խնդիր չէ: Մարդն իրեն անհրաժեշտ տեղեկությունը կարող է ստանալ վայրկյանների ընթացքում, առանց տեղից շարժվելու: Տպավորություն է ստեղծվում, թե Տեղեկատվական հասարակությունում Ամենատես աչքի կշիռը նվազել է: Այս իմաստով «Մատանիների տիրակալը» ֆիլմում Ամենատես աչքի պարտությունն օբյեկտիվ է: Այսօր բազմաթիվ սարքեր ճշգրիտ ու պարզ պատկերներ են ապահովում աշխարհի, մարդկանց, ամեն ինչի մասին: Կա նաև Ամենատես աչքի մեկ այլ իրական էություն: Ամենատես աչքը տարածության մեջ մարդու խոսքի, մտքի, արարքի մասին էներգետիկ խողովակներով ու հարթություններով տարածվող տեղեկության ընկալման տակավին ոչ լրիվ բացատրելի երևույթն է: Այդ տեղեկությունների տարածման պարզ օրինակներից է այն, թե ինչպես է մարդը տարածության վրա զգում է իր մերձավորի ուրախությունը կամ նրա հետ կատարված ողբերգությունը: Կամ երբ մարդը կանխազգում է անտեսանելի հեռվից մոտեցող վտանգը: Կամ երբ միևնույն գաղափարն ի հայտ է գալիս տարբեր մարդկանց մոտ միաժամանակ: Ամենատես աչք ունեն ունեն գրեթե բոլոր սիրահարվածները. Երբ դու մտածում ես նրա մասին ու զանգում նրան, իսկ նա ասում է, թե հենց այդ պահին մտածում էր քո մասին և ուզում էր զանգել ու ասել նույն բանը: Այնպես որ տարածության մեջ կարող է տեսնել յուրաքանչյուր առողջ մարդ, որը զերծ է հոգեբանական բարդույթներից, ունի նպատակ, երազանք, իդեալ, սեր և հավատում է իր հնարավորությունների անսահմանությանը: Իսկ իրապես Ամենատես աչք ունի բարձր վարպետության հասած իմաստունը, որը լիակատար ներդաշնակության մեջ է բնության, հասարակության, աշխարհի, Աստծո հետ: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր