26381 դիտում
10:55 25-09-2015
Ո՞ր դերասանն է տարիներ առաջ Երևանի փողոցներում ծաղկավաճառությամբ զբաղվել, «Կարա Բալային», «Գիքորին» հիշեցրել, ինչո՞ւ է Վանո Սիրադեղյանը նրան 100 դոլար նվիրել, ո՞վ է փոխել նրա ճակատագիրը եւ ավելին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջերս քաղաքական շրջանակներում մի հետաքրքիր պատմություն լսեցինք Վանո Սիրադեղյանի եւ ծաղկավաճառ մի տղայի մասին։ Տարիներ առաջ այդ ծաղկավաճառ տղան քաղաքի հայտնի սրճարաններից մեկում կարմիր վարդ է նվիրել հայտնի հաղորդավարուհիներից մեկին, ինչը նկատել է այն ժամանակ Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը եւ տղային կանչել իր մոտ ու 100 դոլարանոց նվիրել։ Մեզ շատ հետաքրքրեց այդ տղան եւ մենք կարողացանք գտնել նրան, ով վաղուց արդեն ծաղիկներ չի վաճառում։ Նա այսօր արդեն դերասան է։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա՝ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արթուր Սուքիասյանի հետ մեր զրույցը ներկայացնում է ստորեւ.
[b]-Արթուր, անկեղծորեն, շատ էինք ցանկանում քեզ հանդիպել՝ նախ, քեզանից լսելու այդ պատմության իսկությունը եւ մանրամասները, հետո, թե ինչպես ծաղկավաճառ տղան դարձավ դերասան։ Նախ, եթե կարելի է, ինքդ ներկայացնես Վանո Սիրադեղյանի հետ կապված քո հուշերը։
[/b]
-Ես եմ շնորհակալ, որ հետաքրքրել է իմ պատմությունը ձեզ։ Իրականում իմ հանդեպ մարդկանց հետաքրքրությունն է ինձ օգնել, որ ծաղկավաճառ տղայից մուտք գործեմ արվեստի բնագավառ։ Ես այն երջանիկներից եմ, ում դեռ այն տարիներին նկատել են հենց կարկառուն դեմքերը ու ինձ օգնել, որ ոչ թե մոլորվեմ, այլ ինձ հոգեհարազատ ճանապարհով առաջնորդվեմ։ Վանո Սիրադեղյանի հետ ունեցած իմ հիշողությունը իմ անցած տարիների ամենաթանկագին էջերից է։
Դեռ 17 տարի առաջ Երեւանի փողոցներում ծաղիկներ էի վաճառում Կարապի լճի սրճարանում: Հանկարծ տեսնում եմ «Համով զրույց»-ի հաղորդավարուհի Զառա Արամյանին եւ շտապում եմ նրան վարդ նվիրել։ Նվիրեցի, կարծեց, որ պետք է վճարի, բայց ես գումարը չվերցրեցի, քանի որ ի սկզբանե մտադրվել էի այդ վարդը նրան նվիրել։ Դա նկատեց սրճարանում գտնվող այդ ժամանակ քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։ Նրա հետ էր նաեւ այն ժամանակ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը։ Վանո Սիրադեղյանը բացականչեց․«Տղա՜, հլը դու արի այստեղ»։ Անկեղծ ասած՝ անակնկալի եկա: Դեռ 14 տարեկան էի: Ի՞նչ իմանաս՝ ինչի համար է կանչում։ Երբ մոտեցա, ասաց. «Ապրես, որ հարգում ես հայտնի մարդկանց եւ ինձ 100 դոլար նվիրեց։ Անկեղծ ասած, այդ հարյուր դոլարանոցը նկարեցի եւ նկարով պահեցի։ Հետաքրքիրը նա էր, որ այդտեղից դուրս գալուց հետո հենց նույն օրը այդ տարիներին «Սեւակ» կաֆե կար, այդտեղ էլ Գագիկ Ծառուկյանին հանդիպեցի, ով այն տարիներին քաղաքական հարցերում չկար, միայն գործարար էր: Նրան էլ առաջարկեցի ծաղիկ գնել եւ նա 20 հազար դրամ նվիրեց։
[b]-Իսկ կհիշե՞ս, թե ինչ գնեցիր այդ գումարով։
[/b]
-Նախ ասեմ, որ այդ100 դոլարանոցը մինչեւ ծախսելը նկարեցի եւ նկարով պահեցի։ Հիմա այդ նկարը մեր տան պատից կախված է։ Իսկ այդ գումարով Սարյանի այգու նկարների տոնավաճառից Մասիս սարի պատկերով մի նկար գնեցի, որ պահում եմ եւ մեր տան վարձը վճարեցինք, ինչպես նաեւ իմ հուշադարանում մնաց մոտ 10 րոպե տեւած այդ օրվա հիշողությունը։ Հատկանշական է նաեւ, որ երբ այս պատմությունը վաղուց մոռացել էի ու արդեն դերասան էի, Զառա Արամյանին հանդիպեցի ու նա ինձ ճանաչեց եւ ինքը հիշեցրեց այս պատմությունը։
[b]-Իսկ կայի՞ն հայտնի դեմքեր կամ սովորական քաղաքացիներ, ովքեր ոչ թե գումարով էին փորձում օգնած լինել, այլ փորձում էին քեզ ավելի մնայուն ճանապարհի վրա կանգնեցնել։
[/b]
-Այո, իհարկե, ես շատ մեծանուն մարդկանց եմ հանդիպել, ովքեր տարիներ շարունակ բեմից իրենց խոսքն են ասել։ Այդ մեծանուն դեմքերից մեկը ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանն էր եւ Յուրի Ամիրյանը, որոնց հանդիպելու բախտ եմ ունեցել՝ տեսնելու եւ ճանաչելու։ Անկեղծ ասած, երբ ես Ժենյա Ավետիսյանին փողոցում ծաղիկ նվիրեցի, շատ հուզվեց։ Դե, նա «Նատա» է խաղացել «Գիքոր»-ում։ Ինքը հուզվել էր իմ կերպարից եւ զարմացած էր, որ այդ տարիքում նայել եմ եւ հիշում եմ իր խաղալը։ Այդ ժամանակվանից ինձ շատ սիրեց Ժենյա Ավետիսյանը եւ որոշեց, որ ես պետք է խաղամ Սունդուկյանի մայր թատրոնին կից ստուդիայում։
[b]-Իսկ ե՞րբ եւ ի՞նչը դրդեց թողնել ծաղկավաճառությունը։
[/b]
-2000 թ-ին ես հանդիպեցի «Օրրան» բարեգործական ընկերության նախագահ Արմինե Հովհաննիսյանին, ով իմ ճակատագիրը 380 աստիճանով փոխեց։ Սկզբում չէի ցանկանում ընդունվել «Օրրան», բայց գնացի եւ ինձ դուր եկավ։ Ինձ դուր չէր գալիս, որ ինձ խղճային, օգնեին։ Իմ տեսակը այլ է՝ գերադասում եմ ե՛ս ստեղծել, ոչ թե ինձ տան։ Ինքն էլ ինձ նկատել էր Կոմիտասի այգում ծաղիկ վաճառելիս։ Նկատեց ու փոխեց ճակատագիրս։
Անկեղծ ասած՝ շատ արվեստագետներ են նաեւ ինձ օգնել առաջ գնալու եւ կայանալու համար, որոնց բոլորի անունները անհնար է թվարկել։ Ես նաեւ ինքնակրթությամբ էի զբաղվում՝ թանգարաններ էի հաճախում, համերգների, ասմունքի երեկոների, թատրոնի ներկայացումների մասնակցում։ Շատ հաճախ նաեւ «սողոսկում» էի ինձ հատուկ ճարպկությամբ, քանի որ գումար չունեի տոմս գնելու համար։
[b]-Ի՞նչն էր դրդել քեզ ծաղկավաճառությամբ զբաղվել։
[/b]
-Այդ տարիներին մենք ապրում էինք վարձով։ Մայրս աշխատանք չուներ, եւ ես հանձն առա օգնել մորս եւ սկսեցի ապրել այդ գործով։ Բայց մոտ երկու տարի զբաղվեցի այդ գործով, քանի որ ինձ մարդիկ նկատեցին, տեսան, որ ես այլ պոտենցիալ ունեմ եւ ինձ ճիշտ ճանապարհի վրա կանգնեցրեցին։
[b]-Իսկ ինչքանո՞վ էր քեզ ներշնչել «Կարա Բալան»։
[/b]
-Անկեղծ ասած՝ չեմ փորձել նմանակել նրան, բայց շատ եմ լսել եւ մեծ հարգանք եմ տածել նրա նկատմամբ ու ինձ էլ հաճախ էին նմանեցնում նրան, քանի որ ինչքան վաճառում էի, այնքնան էլ նվիրում էի։ Հավատացեք, ծաղիկ նվիրելիս տխուր կամ հայտնի կանանց ժպիտներին, զարմանքին արժանանալը ինձ համար ավելի մեծ հաճույք ու բավականություն էր, քան այն դրամը, որ հաճախ ինձ տալիս էին ծաղիկների դիմաց։
[b]-Ծաղիկներ վաճառելու ընթացքում ինչպե՞ս էիր պատկերացնում քո ապագան։ Մտածո՞ւմ էիր, արդյոք, որ մի օր դու էլ հայտնի մարդ կդառնաս։
[/b]
-Այո, ես այդ աշխատանքը անում էի եւ գիտեի, որ դա իմը չէ։ Պարզապես իմ անցնելիք ճանապարհի մի հատվածն է, որը հետագայում հիշողություն էր դառնալու։ Շատերը կային, որ ծաղիկների քողի տակ մուրացկանություն էին անում։ Նրանք այլ ձգտումներ ունեին եւ նրանցից ոմանք այսօր քրեական հեղինակություններ են, որոնց անունները հասկանալի պատճառով չեմ նշում։ Բայց իմ մեջ դա չկար։ Օրինակ, Վանո Սիրադեղյանի եւ Գագիկ Ծառուկյանի դեպքը բացառիկ էր, որ ինձ առանց ծաղկի գումար են տվել։ Բայց ես մյուս տղաներին էլ չեմ կարող մեղադրել։ Ինչպես ասում են՝ նա էլ էր մեղք՝ հոգնել էր ու տանջվել։ Ես նաեւ երգում եմ, ամբողջ աշուղական արվեստին տիրապետում եմ։
[b]-Տեղյակ եմ, որ հենց Սունդուկյանի թատրոնում էլ նշել եք քո հարսանիքը։
[/b]
-Այո, իմ սիրելի թատրոնի անձնակազմը հենց թատրոնում նշեց իմ հարսանիքը՝ կադրերի բաժնի ղեկավար Ալիկ Թադեւոսյանի նախաձեռնությամբ։ Թատրոնը 95 տարվա պատմություն ունի, բայց երբեք հարսանիք չէր նշել, միայն թաղումներ էին եղել։ Իմ հարսանիքով բացումը արեցինք։
[b]-Իսկ կնոջդ հետ ինչպե՞ս ծանոթացար։
[/b]
-Ընկերոջս կինն է ծանոթացրել։ Իր դասընկերուհին է։ Կինս ծայրահեղ աղքատ պայմաններում ապրող ընտանիքից էր։ Ես քիչ ընտրության հնարավորություն չունեի, բայց գերադասեցի նրան ընտրել, որովհետեւ նա մոտ է ինձ, ավելի խորը կհասկանա։
[b]-Ձեր հարստությունը, առաջին հերթին, թող ընտանեկան երջանկությունը լինի, բայց ցանկանում եմ նաեւ, որ նյութապես եւս շատ ապահովված պայմաններում ապրեք, որովհետեւ արժանի եք դրան։ Դու մի ճանապարհ ես անցել, որտեղ մարդկային ճակատագրերը խեղվում են, բայց ձեզ հաջողվել է կերտել ձեր ճակատագիրը։
[/b]
-Շնորհակալ եմ շատ՝ ուշադրության արժանացնելու եւ նման բարեմաղթանքի համար։ Ես համոզված սպասում եմ, որ ինձ հետ շատ լավ բան է տեղի ունենալու։ Ինչպես Մաքսիմ Գորկին է ասում՝ պետք է ապրել եւ հուսալ, քանի որ դա մի օր տեղի է ունենում։ Ավելին, երբեք չեմ տրտնջացել իմ անցած ճանապարհի ժամանակ։ Ընդհակառակը, շնորհակալ եմ եղել, քանի որ հաջողվել է կարկառուն դեմքերի հետ ծանոթանալ, նրաց հետ հավասարաչափ սեղան նստել։ Ես միշտ բոլորի ուշադրության կենտրոնում եմ եղել ու գուցե հենց դա՛ իմ ճակատագիրը փոխեց՝ սովորական մարդկանց եւ կարկառուն դեմքերի ուշադրությունը իմ անձի հանդեպ։ Յուրաքանչյուրս էլ կարող ենք մարդկային ճակատագիր փոխել՝ պարզապես ուշադրություն է պետք մեկս մյուսի հանդեպ։
[b]Զրուցեց ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
16619 դիտում
12:59 05-03-2017
Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա չհայտարարի. արջը մեծ գազան է, ինչ ուզի, կանի. Մանվել Գիգորյանը՝ ՀՀ վարչապետի մասին
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը