211652_close_icon
views-count4415 դիտում article-date 23:00 27-09-2015

«Բոլոր հարցերին պատասխանում են կարճ, կոպիտ, անբարեհամբույր և շատ թերի». ՀՀ Տուր գործակալները դժգոհում են Չեխիայի դեսպանատան աշխատանքից

Հայաստանի Տուր գործակալները հայտարարություն են տարածել, որով դժգոհում են Հայաստանում վերջերս բացված Չեխիայի դեսպանատան գործունեությունից. 2015 թվականի հունիսի 25-ից Նալբանդյան փողոցի 48/1 հասցեում իր գործունեությունը սկսեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը: Ինչպես ցանկացած բարեփոխում ոլորտում, լուրը մեծ ուրախությամբ ընդունեցին հատկապես տուրիստական ոլորտի աշխատակիցները:Նախքան Չեխիայի Դեսպանության մուտքը Հայաստան, Չեխիա մեկնող հաճախորդների դիմումները ներկայացվում էին Լեհական դեսպանատուն, որը և ստանձնել էր Հայաստանում Չեխիայի Հանրապետության մուտքի արտոնագրեր տալու իրավունքը եւ միաժամանակ հաջողությամբ սպասարկում էր ոչ միայն Լեհաստանի եւ Չեխիայի Հանրապետության, այլեւ Շվեյցարիայի, Սլովենիայի և Սլովակիայի մուտքի արտոնագրերի տրամադրման հայտերը: Ի տարբերություն Չեխական դեսպանատան ներկայիս համակարգի Լեհականն առավել հստակ էր գործում՝ համակարգը հնարավորություն էր տալիս ամեն ուրբաթ օր հերթագրել ժամադրություն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար: Չեխիայի Հանրապետության դեսպանության բացումը առաջին հայացքից բարեփոխում թվաց, քանի որ այն նախատեսված էր սպասարկելու միայն իր երկրի համար վիզայի արտոնագրի դիմումները, որն էլ ենթադրում էր առավել արդյունավետ եւ արագ գործելաոճի ներդրում: Սակայն տուրիստական ընկերությունների սպասումները ոչ միայն չարդարացան, այլև առաջացան մի շարք դժգոհություններ կապված հարցազրույցի օնլայն հերթագրման համակարգի հետ, որով գրեթե միշտ անհնար էր օր վերցնել ուղեւորի համար տեղերի անհասանելիության պատճառով, եւ բացի այս, հազվադեպ տեղեր կարող էին բացվել այնպիսի անհավանական ժամերի, ինչպիսին օրինակ գիշերվա 3:30-ն է: Բազմաթիվ գործակալներ մեղմ ասած քնում եւ արթնանում էին կայքում թարմացումներ անելու եւ երջանիկ պատահականությամբ մեկ կամ երկու տեղ ամրագրելու հույսով: Բացման հենց առաջին իսկ օրվանից Չեխիայի դեսպանության ժամադրությունների հերթագրման համակարգում տուր գործակալներն արդեն չէին կարողանում ժամադրություն վերցնել տվյալ ամսվա համար, քանի որ արհեստականորեն մեկ ամսվա կտրվածքով փակված էին բոլոր ժամերը: Տուրիստականների համար անակնկալ էր սա, քանի որ արդեն իսկ գնված փաթեթների համար չէին կարողանում ժամադրություն հերթագրել նորաբաց դեսպանատանը, իսկ փաթեթները նախապես վաճառել էին` ժամադրություն հերթագրելով լեհական դեսպանատանը. վերջինս էլ հրաժարվում էր սպասարկել Չեխիայի հանրապետության համար տրված բոլոր դիմումները: Տուրիստական սեզոնի բացմանը զուգահեռ, երբ ավելացել են հարցումներն ու իրավիճակը դարձրել անելանելի, որոշ գործակալներ անձամբ ներկայացել են դեսպանատուն խնդիրը բարձրացնելու եւ լուծումներ փնտրելու համար, որտեղ հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցը հորդորել է նամակ գրել հյուպատոսին`ժամադրություն նշանակելու համար, ինչին ի պատասխան ստացել են՝ «համակարգն աշխատում է անխափան, առկա են ազատ ժամեր, և ժամադրությունները պետք է նշանակվեն բացառապես համակարգի միջոցով:» Որոշ առումներով սա եւս կարելի էր ձեռքբերում համարել, քանի որ մինչ այդ ուղարկված բազմաթիվ նամակներ մնացել էին անորոշ ու անպատասխան: Մի կողմ թողնելով դեսպանության կայքի տեխնիկական խնդիրները, գործակալները դժգոհում են նաեւ դեսպանության աշխատակիցների սպասարկումից. «Բոլոր հարցերին պատասխանում են կարճ, կոպիտ, անբարեհամբույր և շատ թերի»: Դժգոհությունների թիվն ավելացավ նաև այն բանից հետո, երբ չեխական ավիաուղիները հայտարարեցին, որ կվերսկսեն իրենց ուղիղ չվերթները դեպի Պրահա դեկտեմբերի 13-ից, ինչն իհարկե սպասված եւ ուրախալի նորություն էր: Չեխական դեսպանության նման աշխատելաոճի պարագայում սակայն, տուրիստականները չեն պատկերացնում ինչպես են սպասարկելու այն բոլոր հաճախորդներին, ովքեր ուղիղ թռիչքի առավելությունը հաշվի առնելով՝ նախապատվությունը կտան այս ուղղությանը: Միակ պատասխանը թերեւս կլինի «Ցավում ենք, հարցազրույցի համար հասանելի տեղեր այլեւս չկան»… Խնդրի առթիվ հայկական մի շարք տուրիստական ընկերություններ միավորվել են և որոշել դիմում-խնդրանքով դիմել Դեսպանություն՝ քննարկում կազմակերպելու եւ համատեղ լուծման մեխանիզմներ մշակելու համար: [b]ՀՀ Տուր Գործակալներ[/b]

Նմանատիպ նյութեր