211652_close_icon
views-count1419 դիտում article-date 18:48 30-09-2015

Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել "Ազգային երգ ու պար" առարկայի փորձնական ծրագրում ընդգրկված որոշ դպրոցների տնօրենների և ոլորտի մասնագետների հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդիրները, մասնավորապես, մանկավարժական կադրերի պատրաստման, դասագրքերի, ուսումնական ծրագրերի բովանդակության և այլ հարցեր: Նշվել է, որ 2015-2016 ուսումնական տարվանից "Ազգային երգ ու պար" առարկան ներդրվել է ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում: Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական և Երևանից 50 դպրոց: Արմեն Աշոտյանը նշել է, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել, ուստի հաշվի առնելով դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ` ամեն տարի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկն ընդլայնվելու է: Նրա խոսքով` փորձնական ծրագրում ներգրավվել են ազգային երգ ու պարի լավագույն մասնագետները: "Թեև ծրագիրը փորձնական է, բայց իր հանրային հետաքրքրությամբ այն աննախադեպ է: Հենց սկզբից էլ ծրագիրը մեծ հնչեղություն է ստացել. հանրության ճնշող մեծամասնություն կողմ է ծրագրին: Ծրագրի նպատակն արհեստավարժ պարողներ և երգիչներ պատրաստելը չէ, այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը",-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ կադրերի հարցը նախնական փուլում լուծվում է վերապատրաստումների միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա՝ բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ: Նախարարը հանձնարարել է տրամադրել հստակ տեղեկատվություն` ինչպես է առարկայի դասավանդումն ընթանում դպրոցներում, որքանով են դպրոցների նյութատեխնիկական հնարավորությունները թույլ տալիս դասավանդել այն` պարահարթակ, աուդիովիզուալ նյութեր և այլն: Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ տվյալ ժամանակահատվածում վերապատրաստվել են ծրագրում ընդգրկված 100 նոր դպրոցների "Ազգային երգ ու պար" առարկան դասավանդող ուսուցիչները` 50-ը Երևանում, 50-ը` մարզերում: Մոտ ապագայում նախատեսվում են նաև վերապատրատումներ ծրագրի առաջին փուլում ընդգրկված 13 դպրոցների մասնագետների համար: Հիշեցնենք, որ "Ազգային երգ ու պար" առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում: Վերջերս ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է "Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի "Ազգային երգ ու պար" առարկայի ծրագիրը", համաձայն որի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:

Նմանատիպ նյութեր