211652_close_icon
views-count674 դիտում article-date 17:35 07-10-2015

Սլովակիայում ՀՀ դեսպան Սեյրանյանը այց կատարեց Սլովակիայի Կոշիցե քաղաք

Հոկտեմբերի 4-5-ին Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն աշխատանքային այց կատարեց Սլովակիայի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Կոշիցե։ Կոշիցեում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ, Սլովակիայի առողջապահության նախկին նախարար Ռիխարդ Ռաշիի և Սլովակիայի Ազգային խորհրդի, իշխող՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օտտո Բրիքսիի հետ: Քաղաքապետի և պատգամավորի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի քաղաքներից մեկի հետ գործընկերական հարաբերություններ հաստատելու հարցը։ Սլովակյան կողմը պատրաստակամություն է հայտնել գործակցություն սկսել կոնկրետ նախագծերի շրջանակներում: Պատգամավոր Բրիքսիի հետ քննարկվեցին նաև Սլովակիայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու և միջխորհրդարանական երկխոսությունն ակտիվացնելու հարցը։ Դեսպան Սեյրանյանն այցելեց Պավոլ Յոզեֆ Շաֆարիկի անվան համալսարան: ԲՈւՀ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ԲՈւՀ-երի հետ բժշկության և բնական գիտությունների, մասնավորապես՝ աստղագիտության, բնագավառներում համագործակցություն սկսելու հնարավորությունները։ Դեսպան Սեյրանյանը նաև հանդես եկավ դասախոսությամբ ուսանողա-դասախոսական կազմի առջև, որի ընթացքում ներկայացրեց հայ-սլովակյան հարաբերությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը։ Դեսպանը երախտագիտությամբ նշեց, որ Սլովակիայի խորհդարանն՝ Ազգային խորհուրդը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և քրեական օրենսգիրքը հավելել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներով։ Այցի շրջանակներում Տիգրան Սեյրանյանը հանդիպեց նաև քաղաքի՝ շուրջ 30 ընտանիքից բաղկացած հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղեկանք. 2013թ.-ին Կոշիցեն ֆրանսիական Մարսելի հետ մեկտեղ հռչակվել էր Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք։ Բոլորովին վերջերս Եվրոպական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ քաղաքը կրելու է Եվրոպայի 2016 թվականի սպորտի մայրաքաղաքի տիտղոսը։

Նմանատիպ նյութեր