1267 դիտում
23:24 09-10-2015
Երևանի և Վոլգոգրադի միջև ստորագրվել է եղբայրացման մասին համաձայնագիր
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Վոլգոգրադի քաղաքապետ Անդրեյ Կոսոլապովը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Երևանի քաղաքապետը նախ համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները և հատկանշել այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում գործընկեր քաղաքների հետ:
Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Վոլգոգրադի հետ նախատեսվող եղբայրացման համաձայնագրի ստորագրումով սերտ
փոխգործակցություն կհաստատվի նաև Երևանի ու Վոլգոգրադի միջև:
«Մեր քաղաքների միջև եղբայրացման համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևորվում է մեր կողմից, և վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում բավականին շոշափելի արդյունքներ կունենանք գործընկերային հարաբերությունների զարգացման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել արդեն իսկ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կհստակեցնեն գործնական ծրագրերի իրականացման ժամանակացույցը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի գործընկերոջը շնորհավորելով քաղաքի օրվա առթիվ` Անդրեյ Կոսոլապովը, կարևորելով երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրումը, իր հերթին ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում երկու քաղաքների փոխգործակցությունը շոշափելի արդյունք տա:
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը՝ գործընկերային երկուստեք հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հատկապես քաղաքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են, ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումներ, ինչը, վստահ եմ, համատեղ աշխատանքի արդյունքում մենք կգտնենք: Շատ տպավորված ենք ջերմ հյուրընկալությունից, և պետք է խոստովանեմ, որ մեզ համար ևս շատ կարևոր է գործընկերային կապերի հաստատումը Երևանի նման հինավուրց քաղաքի հետ, որն այսօր զարգացման հստակ ուղի է բռնել», - նշել է Վոլգոգրադի քաղաքապետը:
Երկու քաղաքապետերի հանդիպմանը հաջորդել է Երևանի և Վոլգոգրադի միջև եղբայրացման համաձայնագրի ստորագրման արարողությունը, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Ստորագրված համաձայնագրով քաղաքների միջև կիրականացվեն փորձի և տեղեկատվության փոխանակումներ բոլոր այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Նաև կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
16:39 21-05-2014
Երևանի և Աստանայի միջև եղբայրացման մասին համաձայնագիր կստորագրվի
2536 դիտում
20:00 08-06-2017
ՀՀ Տավուշի մարզի և Ռումինիայի Տուլչա նահանգի միջև ստորագրվեց եղբայրացման համաձայնագիր
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»