211652_close_icon
views-count1179 դիտում article-date 15:06 13-10-2015

Դեսպան Մելքոնյանի հանդիպումները Ալժիրի արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ

Հոկտեմբերի 11-ին Ալժիրում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը նստավայրը՝ Կահիրե իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռամտան Լամամրային։ Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Ալժիրի արտգործնախարարը և ՀՀ դեսպանը քննարկեցին Ալժիրի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման ուղիները, իրավապայմանագրային դաշտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ աջակցության հնարավորությունները։ Դեսպան Մելքոնյանը նախարարին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց հայ և արաբ ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերի մասին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տիրող մտահոգիչ իրավիճակի շուրջ։ Դեսպան Մելքոնյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումներին, ներկայացրեց խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ինչպես նաև Բաքվի ապակառուցողական կեցվածքը և նրա կողմից հրադադարի ռեժիմի շարունակական կոպիտ խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծումները։ Արմեն Մելքոնյանը նաև հանդիպում ունեցավ Ալժիրի մշակույթի նախարար Ազզեդին Միհուբիի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորեցին արվեստագետների խմբերի փոխայցելությունները, փոխադարձ մասնակցությունը Հայաստանում և Ալժիրում կազմակերպվող միջազգային փառատոններին, համաժողովներին և այլ նշանակալից մշակութային միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր