2856 դիտում
20:28 20-10-2015
Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր:
«Գեղարքունիքի մարզն անասնապահության որլորտում առաջնակարգ տեղ է զբաղեցնում, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի առումով մեր երկրի առաջատարն է: Համոզված եմ, որ կենտրոնի բացումը կնպաստի մարզում անասնապահության ճյուղի առավել զարգացմանն ու ընդլայնմանը», – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` նորաբաց կենտրոնը թվով 12-րդն է հանրապետությունում: Գեղարքունիքի մարզում առաջիկա ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ նախատեսում է բացել ևս երկու նմանատիպ կենտրոն` Ճամբարակ և Վարդենիս համայնքներում:
Իր խոսքում անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրին` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ ներկայումս մարզից ծրագրում ընդգրկված է ավելի քան 40 համայնք: Ընդգծելով ծրագրի կարևորությունն ու արդյունավետությունը` նախարարը նաև հավելել է, որ նմանատիպ ծրագրեր կիրականացվեն հանրապետության տարբեր մարզերում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդն իր հերթին ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորությունը Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում, որն ապահովում է երկրի գյուղատնտեսական արտադրանքի մոտ 20 տոկոսը: Նրա համոզմամբ, ագրարային ոլորտը Հայաստանում ունի մեծ ներուժ, և ԱՄՆ ՄԶԳ նպատակն է աջակցել այդ ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Նոր մասնագիտացված կենտրոնը, որը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կտրամադրի տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջության և անասնապահության հետ կապված հարցերում։ Կենտրոնում աշխատելու են բարձրակարգ մասնագետներ, որոնք ցանկացողներին կմատուցեն անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ:
Կենտրոնը կնպաստի առաջավոր գյուղատնտեսական բիզնես տեխնիկայի տարածմանը։ Այն կամրապնդի տեղի ֆերմերների հմտությունները և լավագույն փորձը կփոխանցի բոլոր նրանց, ովքեր տրամադրում են գյուղատնտեսական և անասնաբուժական, ինչպես նաև անասնաբուծական և անասնապահական ծառայություններ։ Կենտրոնում կմատուցվեն նաև գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծառայություններ:
Բացի այդ, կենտրոնում կանցկացվեն աշխատաժողովներ և վերապատրաստման ծրագրեր, որոնք կվարեն տեղի և օտարերկրյա մասնագետները։ Նախատեսվում է սպասարկել Գեղարքունիքի մարզի 10 համայնքների 2 հազարից ավելի ֆերմերների։
Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնք, որտեղ դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը: Այստեղ նախարարը հավաստիացել է, որ կարտոֆիլի բերքն ընթացիկ տարում բավական առատ է և բարձրորակ, և գյուղացիները հեկտարից մոտ 600 ցենտներ բերք են ստանում:
Ամփոփելով այցի արդյունքները` նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ 2015 թվականին Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ են գրանցվել, խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակն ավելացել է մոտ 4,6 տոկոսով, ինչի շնորհիվ ավելացել են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները:
Նմանատիպ նյութեր
4011 դիտում
20:10 19-07-2018
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
10343 դիտում
22:01 27-06-2017
Նոր Գյուղ համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն
2805 դիտում
19:14 30-10-2015
Վարդենիսում ևս գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»