211652_close_icon
views-count4011 դիտում article-date 20:10 19-07-2018

Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր: Տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Ֆուլեր տնաշինական կազմակերպության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի համատեղ ջանքերով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2 ծրագրի շրջանակներում: Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Կարևորելով կենտրոնի բացումը` Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի արտագաղթի նվազեցմանը: Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթներ, որպես կապող օղակ կհանդիսանա գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև։ Այն հագեցած է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի կդարձնի ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ: Այստեղ կկազմակերպվեն նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ դասընթացներ և սեմինարներ: Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի խոսքով` կենտրոնը կսպասարկի ոչ միայն Մեծ Պարնին, այլև Սպիտակի տարածաշրջանի այլ համայնքներ: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին տեղեկացրել է, որ նմանատիպ կառույցներ կշարունակեն կառուցվել Հայաստանի այլ մարզերում ևս:

Նմանատիպ նյութեր