38169 դիտում
19:07 22-10-2015
Խոշոր ավտովթար Մերձավան գյուղում. գլխիվայր շրջված ավտոմեքենայի միջից վիրավոր վարորդին դուրս են բերել գյուղացիները, փրկարարները և ԱԺ պատգամավոր Շմայսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Առաքելյանը իր վարած Renault մակնիշի 34 ZM 001 համարանիշի ավտոմեքենայով Մերձավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել սահքի մեջ և մոտ 7 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարե շինության տակ՝ վնասելով նաև շինության պատը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն են գործել Վաղարշապատի շտապ օգնության և հրշեջ-փրկարարական խմբերը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, փրկարարները և Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Շմայս» մականվամբ:
Տեղում բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, որից հետո տեղափոխել են:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները՝ ավագ քննիչ Ավետիք Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+