2169 դիտում
11:53 25-10-2015
«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակին
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունենցել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությունը։ «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում՝ «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է մրցանակի, որը հանձնել է «Եվրոպա Նոստրայի» փոխնախագահ Իրինա Սուբոտիչը:
Մրցանակի հանձնման արարաողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին:
Նախարարն իր խոսքում անդրադարձել է արդեն իրականացված հայ-իտալական «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի կարևորությանն ու արդյունավետությանը և նշել, որ ՀՀ մշակույթի նախարարությունը բազմաթիվ մրցանակների է արժանացել, սակայն «Եվրոպա Նոստրա» մրցանակը կարևորագուններից է, քանի որ այն տրվում է մշակությաին ժառանգության պապանության և վերականգնման ոլորտում ունեցած հաջողությունների համար:
«Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է: Ընդգրկելով 42 երկիր՝ կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակութային և բնական ժառանգությունը: Մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը, ինչպես նաև ժառանգության պահպանության բնագավառում եվրոպական ռազմավարությունն ու քաղաքականությունը: Հիմնադրվելով 1963 թվականին՝ «Եվրոպա Նոստրան» համարվում է Եվրոպայում ոլորտի ամենաներկայացուցչական և ազդեցիկ ցանցը: Հայաստանը «Եվրոպա Նոստրային» անդամակցում է 2012 թվականից:
«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված` «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի համակարգողն էր Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին:
«Եվրոպա Նոստրա» մրցանակին արժանանալու և «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի մասին հանրությունը տեղեկացել է դեռևս 2015 թվականի ապրիլին` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում:
«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին: «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին համապատասխանաբար արժանացել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոսիայի հայկական եկեղեցիները:
«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության հիմնական արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստանգը, Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի եվրոպական հանձնակատար Տիբոր Նավրաչիչը, ինչպես նաև հռչակավոր օպերային երգիչ և «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլասիդո Դոմինգոն: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հաակոն:
Նախկինում ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու (2012 թ.), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի հայտերը (2013 թ.), որոնք այդ տարիներին ընդգրկվել են նախնական ցանկերում:
2012 թ. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հետ համատեղ լրացված հայտի հիման վրա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն արժանացել է «Եվրոպա Նոստրա-2013» մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի՝ «Կազմակերպության կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավառում» անվանակարգում:
Ի թիվս Եվրոպայում գործող այլ կազմակերպությունների՝ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունն արժանացել է ժյուրիի շնորհակալությանը՝ «Եվրոպա Նոստրա-2013» մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացված հայտերի անկախ մասնագիտական փորձաքննությունն իրականացնելու համար:
Նմանատիպ նյութեր
2806 դիտում
18:30 20-07-2016
Եվրոպա Նոստրա կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է
1667 դիտում
18:23 13-03-2014
Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը՝ «Եվրոպա Նոստրա»-ի` 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»