211652_close_icon
views-count2830 դիտում article-date 22:33 26-10-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի հետ` ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ արդեն իսկ կառուցվել և շահագործման են հանձնվել թվով հինգ սպանդանոցներ, առաջիկայում նախատեսվում է հանրապետության սպանդանոցային ցանցը ևս երկուսով համալրել, ինչը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել ժամանակակից սարքավորումներով` սպառողներին ապահովելով անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով: Նախարարը նաև հավելել է, որ սպանդանոցների աշխատանքները պետք է հիմքեր ստեղծեն աստիճանաբար բակային մորթից հրաժարվելու և հետագայում նաև հարցին օրենսդրական կարգավորում տալու համար: «Մենք մեծապես կարևորում ենք սպանդանոցների աշխատանքը, քանի որ անչափ մեծ է դրանց դերը մեր երկրում սննդի անվտանգության ապահովման և առհասարակ, անասնապահության զարգացման խթանման գործում, և մեր նպատակն է քննարկել ու լուծում տալ բոլոր խնդիրներին, որպեսզի շահագործման հանձնված սպանդանոցները սկսեն ամբողջ թափով աշխատել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպման ընթացքում սպանդանոցների սեփականատերերը նախարարին ներկայացրել են ընթացիկ իրավիճակն ու առկա խնդիրները: Ըստ այդմ` մի քանի սպանդանոցներ արդեն իսկ սկսել են մորթ իրականացնել, ունեն պայմանագրեր ներքին շուկայում, ինչպես նաև արտահանումներ են իրականացնում` մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս մասի մոտ կան իրացման խնդիրներ` կապված արտադրանքի մրցունակության հետ: Հանդիպման քննարկման ընթացքում մասնակիցները կարևորել են հանրային սննդի օբյեկտներին մատարակարարվող միսը պարտադիր կարգով սպանդանոցային մորթի ենթարկելու հարցը: Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին քայլեր նախաձեռնել իրենց գործունեությունն ակտիվացնելու ուղղությամբ` ընդգծելով, որ պետությունը կարևորում է սննդի անվտանգության հարցը և պատրաստ է իր հնարավորություն սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը:

Նմանատիպ նյութեր