211652_close_icon
views-count1042 դիտում article-date 19:33 29-10-2015

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը: Ինչպես Մայր բուհում, այնպես էլ «HEN-GEAR» նախագծին մասնակցող հայաստանյան ևս 7 բուհերում վերջին երեք տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ, փորձագիտական հանդիպումներ ու քննարկումներ: Ստեղծվել է պորտալ, որի միջոցով շրջանավարտները կարողանում են գրանցվել, պատասխանել մի շարք հարցերի` այդ կերպ իրենց տվյալներն ու մասնագիտական հնարավորություններն ամրագրելով տվյալների շտեմարանում: Համակարգի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շրջանավարտների տվյալների շտեմարանում համապատասխան որոնումներ կարող են կատարել գրանցված գործատուները և նրանց պահանջներին բավարարած շրջանավարտներին աշխատանքի առաջարկություն ներկայացնել:  Եվ ահա այսօր ԵՊՀ-ում կազմակերպված ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում մանրամասն ներկայացվեց կատարված ամբողջ աշխատանքը: Ամփոփիչ կոնֆերանսին ներկա էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, Ալմալաուրեա կոնսորցիումի տնօրենության ներկայացուցիչ, տեխնիկական տնօրեն Անջելո Գուերիերոն, ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ծրագրում ընդգրկված բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ և այլն:   ՀՀ կրթության և գիտության փոխնախարարը նկատում է՝ շնորհիվ «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի` հայաստանյան մի շարք բուհերի հնարավորություն է ընձեռվում առավել տեղեկացված լինել իրենց շրջանավարտների զբաղվածության, առկա խնդիրների ու մասնագիտական բացթողումների մասին: Ըստ տիկին Հարությունյանի՝ իտալական փորձը Հայաստանում կիրառելը ողջունելի է և նույնքան նպատակային. «Մենք բարձր ենք գնահատում ծրագրի շարունակականությունը և կարծում ենք, որ տարիներ անց կունենանք մի բազա, որը մեզ հնարավորություն կտա հասկանալու և՛ կրթական ոլորտի, և՛ աշխատաշուկայի խնդիրներն ու բացթողումները»:   Բոլոր զեկուցողներն էլ միաբերան փաստեցին, որ իտալական այս փայլուն գաղափարն օր առաջ հասնելու է իր վերջնական արդյունքին՝ օգտակար լինելով այն շրջանավարտներին, ովքեր չունեն աշխատանք, բայց ունեն մեծ ներուժ: Մասնակից բուհերի ռեկտորները համոզված են, որ կարող են հետագայում իրենց կրթական ծրագրերն այնպես կազմել, որ բուհն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հարցում նոր խնդիրներ առաջ չգան, և ուսանողներն այլևս չմեղադրեն կրթական հաստատություններին: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ողջունեց ծրագրի շահառուներին և փաստեց, որ 2013 թ.-ին մեկնարկած այս ծրագիրը ստեղծել է համաբուհական մի պորտալ, որն արդեն իսկ ապահովում է շրջանավարտների, նրանց կրթության ու փորձառության վերաբերյալ համապարփակ տեղեկատվական շտեմարան. «Այս երեք տարիների աշխատանքի արդյունքում այսօր իսկ համակարգում գրանցվել է շուրջ 9.000 շրջանավարտ, և առցանց հասանելի է մոտ 7.000 կենսագրություն»: Ալմալաուրեա կոնսորցիումի տնօրենության ներկայացուցիչ, տեխնիկական տնօրեն Անջելո Գուերիերոն նշեց, որ իտալական փորձը Հայաստանին փոխանցելով` համագործակցության լայն դաշտ է ստեղծում ինչպես հայաստանյան բուհերի, այնպես էլ միջազգային կրթական կառույցների համար. «Իտալական ավելի քան 70 համալսարանների մասնագիտական փորձը Հայաստանում նոր ծրագրերի սկիզբ կարող է դնել: Այս երեք տարիների ընթացքում մենք ծրագրում կառուցվածքային փոփոխություններ ենք առաջարկել, ամրապնդել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ հարաբերությունները: Կան որոշ բացեր, բայց դրանք մենք նախատեսում ենք ավարտին հասցնել 2016 թ.-ին»:   Անջելո Գուերիերոն վստահ է՝ ծրագրի շահառու կողմերը, բացի համալսարաններից, նաև կառավարությունն ու նախարարություններն են. «Ե՛վ աշխատող, և՛ չաշխատող շրջանավարտները պետք է լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերեն, որպեսզի համապատասխանեն շուկայի պահանջներին: Համալսարանները պետք է համապատասխան հմտություններով մասնագետներ պատրաստեն և՛ տեղական, և՛ միջազգային շուկայում աշխատելու համար: Այդ ամենին կարող է նպաստել փորձի փոխանակումը, նմանատիպ համակարգերում գրանցվելը և այլն»:   «Այս հարթակը հնարավորություն է տալիս մեզ հաշվի առնելու գործատուների, ինչպես նաև շրջանավարտների կարծիքը, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ համալսարաններն իրենց գործունեության մեջ պետք է հաշվի առնեն իրենց շրջանավարտներից ստացած հետադարձ կարծիքները: Գործատուներն օգտագործում են այս հարթակը լավ կադրեր գտնելու համար, նոր համալսարաններ էլ են միանում համակարգին. դա էլ նշանակում է, որ հարթակը դառնում է համապետական մի մեծ նախաձեռնություն»,- ասաց «HEN-GEAR» նախագծի համակարգող Լուիզա Մենգորն ու հավելեց, որ իրենք բոլոր գործընկերների հետ երկար ժամանակ բանակցությունների մեջ են եղել` քննարկելով բոլոր քայլերի կենսունակությունը՝ շարունակականությունն ապահովելու համար:   «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի եզրափակիչ կոնֆերանսի բուն զեկուցումները ներկայացվեցին կլոր սեղան-քննարկման ընթացքում: Ե՛վ իտալացի, և՛ հայաստանյան կրթական ոլորտի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակայնությունն ու անցկացրին բաց քննարկում:

Նմանատիպ նյութեր