211652_close_icon
views-count1519 դիտում article-date 20:16 23-05-2019

Կանոնակարգերում փոփոխությունների առաջարկություններ, դրանց հաստատումներ, ընթացիկ հարցերի քննարկում և ԵՊՀ ռեկտորի հրաժարական. տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի նիստը

Օրակարգային 8 հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի նիստը: Նիստի սկզբում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց օրակարգից հանել 4-րդ և 5-րդ կետերը, որոնք վերաբերում էին «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների տրամադրման կարգում» փոփոխություններ կատարելուն և «ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման կանոնակարգում» փոփոխություններին, քանի որ նրա հավաստմամբ, դրանք իրավական լրացուցիչ ընթացակարգեր պետք է անցնեն մինչև գիտխորհրդի հաստատմանը ներկայացնելը: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը փաստեց, որ օրակարգի 4-րդ կետով առաջարկվող փոփոխությունը մեկն է, որի իրավական հիմքը ՀՀ կառավարության ընդունած համապատասխան որոշումն է: Գիտխորհրդի անդամները հաստատեցին օրակարգը՝ առանց 5-րդ կետի («ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման կանոնակարգում» փոփոխությունների մասին): Նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակում գիտխորհրդի՝ ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչումների շնորհման 6 հայցերը՝ փաստելով, որ դրանք համապատասխանում են պահանջվող բոլոր չափանիշներին: Գիտական կոչումները հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին Գևորգ Բարսեղյանը, Մանուշակ Ալավերդյանը և Աշոտ Առուստամյանը: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ մրցույթների անցկացման նոր շրջան է սկսվել. «Շուտով կսկսվեն ամբիոնների վարիչների պաշտոնների համար անցկացվող մրցույթները: Դոցենտների և պրոֆեսորների կոչումների մրցույթները մենք որոշեցինք հետաձգել մինչև տարվա վերջ, քանի որ սպասվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որում, մեզ հասած տեղեկություններով, լինելու են փոփոխություններ այդ կոչումների վերաբերյալ»: Այնուհետև ԵՊՀ կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին միջնորդելու մասին զեկուցեց Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ ԵՊՀ-ում անընդհատ եղել են կառուցվածքային փոփոխություններ. «Բացի դրանից՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով, որը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ քննարկել է նիստերում բարձրաձայնված հարցերը, ապա դրանց արդյունքը ներկայացրել ռեկտորատին»: Մասնավորապես առաջարկվում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով ու գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորների հաստիքների վերացում, ապա նրանց գործառույթների մեկտեղմամբ երկու նոր պրոռեկտորների հաստիքների ստեղծում՝ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր ու Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր, որոնք կհամակարգեն իրենց ենթակայության տակ գտնվող ուղղությունների և՛ գիտական, և՛ կրթական գործունեությունը: «Միջազգային պրակտիկան էլ ցույց է տալիս, որ գիտությունը և կրթությունը չեն կարող առանձին գործել: Ի դեպ, մեր գործունեության ընթացքում եղել է ժամանակ, երբ պրոռեկտորների գործառույթներն այսպես են եղել»: Առաջարկվում է նաև վերացնել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիքը, քանի որ դրա ենթակայության ներքո այսօր գործող ստորաբաժանումներ չկան: Փոխարենը նախատեսվում է ստեղծել Արտաքին կապերի գծով պրոռեկտորի հաստիք, որը կհամակարգի միջազգային կապերը, արտասահմանյան դրամաշնորհները, հայաստանյան բուհերի, կազմակերպությունների հետ կապերը, ֆոնդահայթաթման գործառույթը և Ռուսական կենտրոնի գործունեությունը: Բացի դրանից՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է Հաշվապահության վերակազմակերպում, որի հիմքի վրա կստեղծվի 2 ստորաբաժանում՝ Հաշվապահական վարչություն և Ֆինանսական քաղաքականության վարչություն: ԵՊՀ ռեկտորի զեկուցմանը փոխարինեցին գիտխորհրդի անդամների հարցադրումները և ելույթները: Մասնավորապես նշվեց, որ արդյունավետ որոշում կայացնելու համար լավ կլիներ, եթե փոփոխությունների առաջարկությունները ներկայացվեին նախօրոք: Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը հետաքրքրվեց, թե առաջարկվող փոփոխությունների արդյունքում քանի հաստիք է կրճատվելու, և արդյոք եղել են քննարկումներ այն ստորաբաժանումների հետ, որոնք ենթարկվելու են փոփոխությունների, որոնց ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ հաստիքներ չեն կրճատվելու, գուցե կադրերը փոխվեն, և որ ստորաբաժանումների հետ քննարկումներ իրականացվել են: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն իր ելույթում ասաց, որ ֆակուլտետն ի սկզբանե որոշել է սկզբունքորեն մաս չկազմել ԵՊՀ-ում բարեփոխումներ իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ համալսարանում կան օրինական մարմիններ, մասնավորապես՝ ռեկտորատ և գիտական խորհուրդ, որի ընդունած որոշումները պարտադիր են, այդ թվում՝ ռեկտորի համար: «Այդ մարմինները կարող են ցանկացած որոշում կայացնել, և մամուլում արված այն հայտարարությունները, թե ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը ներկայացնում է ամբողջ համալսարանը և իրականացնելու է էական փոփոխություններ, ստվերում են նշածս մարմինների գործունեությունը»,- ասաց Վահրամ Դումանյանը: Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը՝ փաստելով, որ հանձնաժողովի աշխատանքները շատ արդյունավետ են, բարձրաձայնված հարցերը՝ արդիական: ԵՊՀ գիտխորհրդի անդամները, քննարկելով կառուցվածքային փոփոխությունները, հաստատեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու առաջարկը: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, զեկուցելով մագիստրոսի կրթական ծրագրով 2019-2020 ուստարվա ընդունելության տեղերի մասին, ասաց, որ առկա ուսուցմամբ նախատեսված են անվճար 328 տեղ, վճարովի՝ 1200. «Իջևանի մասնաճյուղի համար 2019-2020 ուստարվա համար նախատեսված է 11 տեղ»: Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում Մենուա Սողոմոնյանը խոսեց «ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների տրամադրման կարգում» փոփոխություններ կատարելու մասին՝ նշելով, որ պետք է ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 19.11-րդ կետը, որի համաձայն՝ ԵՊՀ-ն իր միջոցների հաշվին 30 տոկոսի չափով իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների (երկու ծնողները) երեխա ուսանողներին. «Փոփոխության իրավական հիմքը Կառավարության ընդունած համապատասխան որոշումն է»: Հարցը հաստատվեց գիտխորհրդի կողմից: Այնուհետև ԵՊՀ գիտական խորհրդի որակի ապահովման հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը՝ նշելով, որ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են կրթական 4 նոր ծրագրեր, որից 2-ը մագիստրոսական, 2-ը՝ բակալավրի՝ փաստելով, որ դրանք անցել են համապատասխան բոլոր ընթացակարգերը: «Բակալավրի կրթական ծրագրերից մեկը ներկայացված է Աստվածաբանության ֆակուլտետի կողմից և կոչվում է «Կրոնագիտություն», մյուսը՝ Պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգագրություն» ծրագիրը: Մագիստրոսական նոր ծրագրերը ներկայացված են Ֆիզիկայի ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների կողմից և համապատասխանաբար կոչվում են «Պինդ մարմնի նանոֆիզիկա և նանոինտեր» և «Վարչագործարարական թարգմանություն»»: Ներկայացված հարցն ընդունվեց գիտխորհրդի կողմից: Այնուհետև գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը զեկուցեց ԵՊՀ գիտական խորհրդի հանձնաժողովների կազմերում փոփոխություններ կատարելու մասին՝ նշելով, որ դրանք նախատեսվում են երկու հանձնաժողովներում՝ Իրավական ակտերի, նախագծերի մշակման և փորձաքննության հանձնաժողով ու Մրցութային հանձնաժողով. «Փոփոխությունները պայմանավորված են պրոռեկտորների և գիտական քարտուղարի փոփոխմամբ»: Այս հարցը նույնպես հավանության արժանացավ գիտխորհրդի կողմից: Օրակարգային վերջին հարցի շրջանակում «ՀՀ ռազմական բարեփոխումներն արդի մարտահրավերների համատեքստում» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը պատասխանեց նաև թեմայի շրջանակում հնչեցված հարցերին: Օրակարգի հարցերի ավարտին հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները, որոնք հաստատեցին դոցենտի գիտական կոչումների շնորհման 6 հայցերը: Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը [url=http://www.ysu.am/news/hy/Rector-has-resigned]հայտարարեց[/url], որ հրաժարական է տալիս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր