1914 դիտում
22:42 30-10-2015
Պարզաբանում` galatv.am կայքում հրապարակված «Ընտրողների թիվն ու ցուցակների անճշտությունները. Լավագույն ավանդույթ» հոդվածում Ռուբեն Սարգսյանի հայտարարության վերաբերյալ
www.galatv.am կայքում հրապարակված «Ընտրողների թիվն ու ցուցակների անճշտությունները. Լավագույն ավանդույթ» հոդվածում Ռուբեն Սարգսյանի կողմից արվել է հայտարարություն, համաձայն որի՝ 1300 անձանց շրջանում կատարվել է հարցում: 339-ի դեպքում տվյալ բնակարանում գրանցված մարդիկ չեն ճանաչում տվյալ հասցեում գրանցված մարդկանց, ովքեր հայտնվել են ցուցակում: 28 տոկոսը նշել է, որ ընտրողը փոխել է գրանցման հասցեն, 23 տոկոսն ասել է՝ չեն ճանաչում, 3.8 տոկոսն ասել է, որ մահացել է ընտրողը, 5.9 տոկոսը՝ որ փոխել է իր քաղաքացիությունը ու չի համարվում ՀՀ քաղաքացի:
Տարատեսակ մենակաբանությունները բացառելու նպատակով ոստիկանությունը կետ առ կետ պարզաբանում է:
1) 28 տոկոսը նշել է, որ ընտրողը փոխել է գրանցման հասցեն:
ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման համաձայն՝ ռեգիստրում անձի մշտական բնակության հասցեն փոխվում է բնակչի կողմից բնակության վայրը փոխելիս: Ընդ որում, նոր հասցեում հաշվառվելիս ռեգիստրում անձն ավտոմատ հանվում է նախկին հաշվառման հասցեից: Հիշյալ ընթացակարգով երաշխավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջի կատարումը, համաձայն որի յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:
2) 23 տոկոսն ասել է՝ չեն ճանաչում:
Առանց սեփականատիրոջ համաձայնության նրա բնակելի տարածությունում այլ անձի հաշվառումը հնարավոր է միայն համայնքային ոստիկանության կողմից տվյալ հասցեում անձի փաստացի բնակության հանգամանքը պարզելու հիմքով (ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման 2-րդ հավելվածի 20.1 կետ): Մնացած այլ դեպքերում անձի հաշվառումը հնարավոր է բացառապես սեփականատիրոջ համաձայնությամբ: Ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակելի տարածության սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հաշվառումից կարող է հանվել բնակարանի սեփականատիրոջ դիմումի համաձայն: Ընդ որում, դիմումը պետք է ներկայացվի ոչ թե նախընտրական շտաբներին կամ կազմակերպություններին, այլ լիազոր մարմին` անձնագրային ծառայություն:
3) 3.8 տոկոսն ասել է, որ մահացել է ընտրողը:
Անձը մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվում է այն դեպքում, երբ սահմանված կարգով գրանցվել է մահը: Առավել ևս ներկայումս ՔԿԱԳ մարմնի և ՀՀ ոստիկանության միջև գործում է էլեկտրոնային կապ, համաձայն որի մահը գրանցած մարմինը տեղում՝ էլեկտրոնային եղանակով անմիջապես անձին հանում է ռեգիստրի հաշվառումից:
Բացի այդ, ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում տանում է ակտիվ աշխատանքներ այն մահացած անձանց տվյալները հայտնաբերելու, պարզելու և հաստատելու ուղղությամբ, որոնց մահը սահմանված կարգով չի գրանցվել իրավասու մարմնում կամ մահացել է օտարերկյա պետությոնում և մահվան փաստի վերաբերյալ տեղեկատվությունը հասու չի եղել ՀՀ իրավասու մարմիններին:
4) 5.9 տոկոսը՝ որ փոխել է իր քաղաքացիությունը ու չի համարվում ՀՀ քաղաքացի:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ Նախագահի հրամանագրով:
Հաճախ ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմում են ոչ թե սահմանված ընթացակարգով /օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ կամ անձնագրային և վիզաների վարչություն/, այլ օտարերկյա պետությունների իրավասու մարմիններ՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին գրավոր հայտարարություն: Արդյունքում, այդ անձանց քաղաքացիությունը չի դադարեցվում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, դադարեցման միակ իրավական հիմքը ՀՀ Նախագահի հրամանագիրն է:
Հիշեցնում ենք, որ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Տոկոսային, չփաստարկված վերլուծություններ անելու փոխարեն կոչ ենք անում ներկայացնել հիմնավոր տեղեկատվություն: ՀՀ ընտրական օրենսգրքով քվեարկության օրվանից 40 օր առաջ ցուցակները հրապարակելու իրավական ընթացակարգ նախատեսելը ինքնանպատակ չէ, այն կոչված է մինչև վերջական ցուցակները հրապարակելը ապահովելու ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերացումը:
Նմանատիպ նյութեր
4925 դիտում
19:01 16-08-2017
ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է Hetq.am կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ
4432 դիտում
19:49 05-03-2017
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվաքանակի աճի պատճառների վերաբերյալ
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր