211652_close_icon
views-count2901 դիտում article-date 08:04 05-11-2015

Հերմինե Նաղդալյանն է պատասխանատու ԵԽԽՎ-ում երեկվա խայտառակության համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում երեկ հակահայկական բանաձևի ընդունման մասին. «Երեկ Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում: Իհարկե, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը, եթե անգամ ԵԽԽՎ-ի կողմից հաստատվի, ապա չի կարող որոշիչ ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Սակայն տեղի ունեցածի քաղաքական գնահատականը դրանից չի փոխվում: Իսկ քաղաքական գնահատականն այն է, որ Հայաստանը խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում լուրջ պարտություն կրեց: Ադրբեջանին հաջողվեց միջազգային հարթակում ևս մեկ փաստաթուղթ ստեղծել, որը պարունակում է Հայաստանի և Արցախի համար խայտառակ ձևակերպումներ: Ադրբեջանը հետագայում հնարավորություն կունենա հղումներ կատարել այս «զեկույցին»: Եվ որպեսզի այլևս նման խայտառակություն չկրկնվի, ՀՀ իշխանությունները պետք է հետևություններ անեն և մեղավորներին քաղաքական պատասխանատվության ենթարկեն: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը: Նաղդալյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն է և հատկապես նա է պատասխանատու այս խայտառակության համար: Հ.Գ. Նաիրա Կարապետյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նիստում իրենք առաջարկել են «զեկույցը» ԵԽԽՎ լիագումար նիստում ընդգրկելու որոշման կայացումը հետաձգել: Սակայն հայկական պատվիրակների առաջարկը 24 դեմ, 14 կողմ քվեարկությամբ մերժվել է: Ի դեպ, հայ պատվիրակները «զեկույցի» մասին հատուկ կարծիք են ներկայացրել, որը կցվել է փաստաթղթին»:

Նմանատիպ նյութեր